ԱՄՆ–ն փորձում է օրինականության տեսք տալ Կուբայի նկատմամբ ճնշումներին. ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Չորեքշաբթի օրը ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել Կաստրոյին և այլ անձանց՝ նրանց մեղադրելով ամերիկացիներ սպանելու նպատակով դավադրության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հասցեին ԱՄՆ-ի ներկայացրած մեղադրանքները Հավանայի նկատմամբ ճնշումներին օրինականության տեսք տալու փորձ են՝ Կուբայում իշխանափոխություն իրականացնելու բացահայտ նպատակով. Վենեսուելայի հետ զուգահեռներն ակնհայտ են։ Այս մասին այսօր հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Մայիսի 20–ին ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել Կաստրոյին և այլ անձանց՝ նրանց մեղադրելով ամերիկացիներ սպանելու նպատակով դավադրության մեջ։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Կուբայի միջև սրացում չի լինի։ Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ զինված ուժերի Nimitz ավիակիր հարվածային խումբը մտել է Կարիբյան ծով։ Խմբի կազմում են Nimitz դասի ավիակիրը, Gridley էսկադրային ականակիրը և Patuxent օժանդակ նավը։

«Այդ միջադեպից 30 տարի անց փորձում են այն օգտագործել, որպեսզի օրինականության տեսք տան Կուբայի ղեկավարության նկատմամբ աննախադեպ ճնշումներին, որոնց բացահայտ նպատակը երկրում իշխանափոխությունն ու դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Այդ ճնշումն ուժեղացնելու համար Կարիբյան ավազան է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Նիմից» ավիակրի գլխավորությամբ»,-ասված է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

«Կարծես թե միտումնավոր արվում է ամեն ինչ՝ ցույց տալու համար Կուբայի նկատմամբ ռազմական միջամտության հնարավորությունը։ Վենեսուելայի հունվարյան իրադարձությունների հետ զուգահեռներն ակնհայտ են»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

Leave a comment