Վաղվանից Ռուսաստանը Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում։ Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ արգելքն ուժի մեջ կմնա մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը և արդյունքների վերլուծությունը։
«Որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունը և արտահանման ներուժը պաշտպանելու համար։ Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված երաշխիքներին՝ ԵՏՄ-ի համար կարանտինի ենթակա ապրանքների հայտնաբերումը շարունակվում է։ Ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքից գրանցվել է 135 դեպք։ Սա կազմում է ամբողջ 2025 թվականի հայտնաբերումների ընդհանուր թվի 77%-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանյան ՍԱՏՄ-ն, սակայն, իր գործընկերներին Հայաստան է հրավիրել՝ տեղում ստուգումներ իրականացնելու համար։ Չնայած ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կտրուկ հայտարարությանը, ՍԱՏՄ-ն ընդգծում է՝ ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շեգլովը հայ գործընկերներին է փոխանցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի ողջույնները, շնորհակալություն հայտնել ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու, ինչպես նաև համատեղ վերահսկողական միջացառումներ կազմակերպելու պատրաստակամության համար:
«Առաջիկա յոթ օրերի ընթացքում նախատեսված է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում՝ բուսաբուծական ութ արտադրավայրերում և ձկնաբուծական չորս արտադրություններում՝ նպատակ ունենալով ստուգելու Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին»,- ասում է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս վստահեցնում է՝ ռուս գործընկերների հետ հարաբերությունները լավ են, ըստ ամենայնի, խնդիրներ չեն լինի․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մենք Հայաստանում բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ ենք ստեղծել, այդ թվում՝ վարդի կամ այլ ծաղիկների, որոնց նմանը չկա ԵԱՏՄ-ում կամ այդպիսի լավ որակի քիչ կա, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունում»։
Թեև փորձագիտական դաշտում հնչում են գնահատականներ, որ ՌԴ-ի կողմից նման քայլերն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեն, Պապոյանն այստեղ այլ շեշտադրում է դնում։
«Չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն։ Մենք այդպիսի տեղեկություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել»,- նշում է նախարարը։
Ռուսական կողմից տնտեսական խոչընդոտները պարբերաբար ակտիվանում են ՀՀ իշխանությունների հետ ոչ այնքան ջերմ հարաբերությունների ֆոնին։ Շաբաթներ առաջ խնդիրներ էին ծագել «Ջերմուկ»-ի խոշոր խմբաքանակի հետ կապված։ Երեկ էլ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարեց՝ Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։
«Մենք լավ հասկանում ենք Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ շարունակել տնտեսական օգուտներ քաղել մեր երկրի հետ հարաբերություններից։ Սակայն համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը երկկողմանի փողոց է։ Հետևաբար, ես առաջարկում եմ այժմ քննարկել Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումը քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգության ոլորտում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է Շոյգուին՝ ՌԴ-ն Հայաստանին տալիս է գազ, հացահատիկ և այլն, բայց ՀՀ-ն էլ վճարում է դրա դիմաց։ Հարցին՝ հայտարարության մեջ կա՞ ակնարկ ԵՄ-ի հետ մերձեցման համատեքստում, Միրզոյանը պատասխանում է․ «Մենք հասկանում ենք, որ միաժամանակ լինել ԵՏՄ և ԵՄ անդամ՝ հնարավոր չէ։ Երկու տարբեր տնտեսական կառույցներ են, չէ՞։ Եվ երբ որ պահը կգա, երբ որ մենք պետք է կայացնենք որոշում՝ այստեղ թե այնտեղ, մենք այդ որոշումը կկայացնենք՝ էլի թափանցիկ, էլի քննարկելով։ Այս պահին ինչ ունենք. այս պահին ունենք, այո՛, Հայաստանի Հանրապետության ժողովրդի եվրոպական հավակնությունները, այս պահին ունենք Եվրոպական Միության հետ մեր մերձեցման ռազմավարական նաև գործընկերության օրակարգը։ Եվ միևնույն ժամանակ մենք ունենք ԵՏՄ-ում մեր լիարժեք անդամակցությունը և համագործակցությունն այդ կառույցի շրջանակում»։
Երեկ էլ Փաշինյանն էր ընդգծել, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ ջերմ ընկերական հարաբերություններ ունի՝ բառի բուն իմաստով․ «Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ ա։ Ստեղ պրոբլեմն ուրիշ տեղ ա։ Ռուսաստանը գերտերություն ա և Ռուսաստանին պետք ա վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում։ Եվ ես էդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին և Ռուսաստանի կառավարության ղեկավարին»։
Ինչպե՞ս կազդի Փաշինյանի այս դիվանագիտական ժեստը, արդյո՞ք ծաղիկների ներմուծման արգելքը կհանվի, թե՞ դրան կգումարվեն այլ ապրանքատեսակներ, պարզ կդառնա առաջիկայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան