«Թող ինքը պայմանավորվի, որ այդ ծաղիկները տանեն Ֆրանսիայում վաճառեն, Մակրոնի Բրիջիդին նվեր տան»․ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, Ռոբերտ Քոչարյանը հեգնեց Նիկոլ Փաշինյանին

«Մի քանի ամիս է՝ հասկացնում են, ակնարկում են, ասում են՝ խելքդ հավաքի, չի կարելի մեծ պետության հետ այդպես վարվել։ Ես փորձում եմ այս վերջին ամիսը զգալով՝ ուղղակի հասկանում եմ այդ երկիրը, փորձում եմ հուշել, որ մի արեք սա, մեր ժողովրդին վնաս եք հասցնում»,- Ապարանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին։

Լրագրողը հետաքրքրվել էր՝ ինչո՞վ եք բացատրում ՌԴ-ի հայտարարությունները՝ ԵԱՏՄ-ի, Հայաստան եկող էժան հացահատիկի մասին, իրենք հասկացնում են, որ իրավիճակը Հայաստանի համար կփոխվի՞։

Ռոբերտ Քոչարյանը համամիտ է՝ «բանը բանից անցել է», եւ վերջին տեղեկությունը, որ Լարսի անցակետում Հայաստանից արտահանվող ծաղիկների համար կրկին արգելք է եղել, դրա վկայությունն է։ Նա տարակուսում է՝ եթե վաղը գյուղատնտեսական այլ արտադրանքների համար էլ խնդիր առաջանա, ո՞վ է փոխհատուցելու գյուղացուն, որը վարկեր է վերցրել, ջերմոց է կառուցել, բույս է մշակում։

«Այդ դեպքում թող ինքը պայմանավորվի, որ այդ ծաղիկները տանեն Ֆրանսիայում վաճառեն, Մակրոնի Բրիջիդին նվեր տան»,- հեգնեց նա՝ հավելելով՝ կամ էլ՝ ՔՊ-ի ցուցակի կանանց նվիրեն։

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՌԴ-ն արդեն գործողությունների է անցել, բայց ոչ տոտալ․ «Ասում են՝ կարող է այսպես լինել, այնպես լինել։ Հարցին գլոբալ նայեք, ՌԴ-ին եք ասում։ ԱՄՆ-ն ինչ է անում, ԵՄ-ն ինչ է անում․ ամբողջ աշխարհում է այդպես՝ բարեկամ երկրների համար մեկ ռեժիմ են սահմանում՝ արտոնյալ, ոչ բարեկամների համար՝ այլ»։

«Հոգեվարքի մեջ մտած մարդուն մեկնաբանելը բավական խնդրահարույց է»,- սա էլ Ռոբերտ Քոչարյանի պատասխանն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ եթե ինքն ու ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չհավաքեն, եւ Հայաստանում իշխանության գան ընդդիմադիր ուժերը, Հայաստանում պատերազմ կլինի։

«Պատերազմ բերողը Նիկոլ Փաշինյանն է։ Որքան երկիրը թույլ է, այնքան պատերազմի հավանականությունը մեծ է»,- ասաց նա՝ հավելելով, որ պատերազմ բերողը նա է, ով ամեն իր քայլով թուլացնում է ՀՀ-ն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը առնվազն երեք կետով թուլացնում է Հայաստանը՝ ներքին պառակտում, ռազմաքաղաքական դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում եւ բանակի շեշտակի թուլացում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Մենք խոսում ենք միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, դա իրենց անբաժանելի իրավունքն է․ խնդիրը ֆիքսում ենք եւ անջատում՝ այս պահին իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, սրանով պետք է զբաղվել»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի վերադարձը իրենց ծրագրերում կա՞, ինչն էլ կարող է հանգեցնել պատերազմի։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment