ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. 2026 թվականի ապրիլին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է առանց ՀԴՄ կտրոնների մանրածախ վաճառքի 448 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ 143․1 մլն դրամ։ Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Արձանագրված դեպքերից 82–ը եղել է ծաղկի կրպակներում, 48–ը՝ հանրային սննդի օբյեկտներում, 42–ը՝ մթերային խանութներում, 32–ը՝ միրգ–բանջարեղենային կրպակներում, 31–ը՝ հացաբուլկեղենի, 29–ը՝ հագուստի խանութներում, 17–ը՝ բենզալցակայաններում։
Բացի այդ, ապրիլին ձեռնարկություններում հայտնաբերվել է առանց գրանցման 126 աշխատող, որի համար ձեռնարկություններին ընդհանուր առմամբ նշանակվել է 31,5 մլն դրամի տուգանք:
Միաժամանակ, կոմիտեից հայտնում են, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ–ը հարկ վճարողներին հորդորում է դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։