ՀՀ–ում ծաղիկների որակի վերահսկողության համակարգն այնքան էլ արդյունավետ չէ. Իլյաշենկո

Բաժանորդագրվել

Ռոսսելխոզնադզորը մտադիր է ժամանակավորապես սահմանափակել ծաղիկների ներկրումը Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսաստան արտահանվող ծաղկային արտադրանքի որակի վերահսկման հայաստանյան համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում։ Այս մասին հայտարարել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալասարանի առևտրային քաղաքականության ամբիոնի դոցենտ Սվետլանա Իլյաշենկոն:

Մասնագետի խոսքով՝ 2025 թվականին ՌԴ ներմուծված արտադրանքի նկատմամբ խախտումների ընդհանուր թվի ավելի քան 70%-ը կապված է կարանտինային օրգանիզմներով վարակման դեպքերի հետ։ Իլյաշենկոն «Վեստի» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է`նման մեծ ծավալը վկայում է, որ այդ արտադրանքի առաքման ժամանակ տեղում ստուգման մեխանիզմները թույլ են։

«Չի կարելի հաշվի չառնել այն, որ որոշ մատակարարներ կարող են տրամադրել, այսպես ասենք, բուսասանիտարական հավաստագրեր, որոնք շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը։ Այս դեպքում ռուսաստանցի մասնագետները հաստատում են, որ ապրանքի մի մասն ուղեկցվում է ոչ թե լիարժեք հավաստագրերով, այլ միայն ապրանքատրանսպորտային բեռնագրերով, ինչը վկայում է բոլոր ընթացակարգերի խախտման մասին», – պարզաբանել է Իլյաշենկոն։

Նա նաև նշել է, որ հայաստանյան որոշ մատակարարներ կարող են ծաղկային արտադրանքի համար տրամադրել անվավեր բուսասանիտարական հավաստագրեր։

Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:

Leave a comment