«Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակով պիտի նստի, ձեւ չկա». Փաշինյան

«Չեմ պատկերացնում՝ ՀՀ գործարարները, աշխատող ու հարկ վճարող քաղաքացիները այդքան շնորհակալության երբեւէ արժանացել են, ինչքան ես անձամբ եմ նրանց շնորհակալություն հայտնում: Առիթը բաց չեմ թողնում շնորհակալություն հայտնելու Հայաստանում աշխատող, հարկեր վճարող քաղաքացիներին, ու մարդկանց մտքով անցնում է ասել, թե գործարարները Հայաստանում ահաբեկված են: Գործարարներին այն ժամանակ էին ահաբեկում, երբ ՀՀ ընդհուպ սոխ ներմուծելու համար մինչեւ Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ծանոթ օլիգարխի դաբռոն չստանային ոչ բան կարելի է ր ներս բերել, ոչ ինչ-որ բան հնարավոր էր դուրս հանել»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Վերին Արտաշատում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի հրապարակման, որտեղ ընդդիմության ներկայացուցիչը դժգոհում էր որ գործարարները ահաբեկված են Հայաստանում:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը լավագույն տեղն է դառնում տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար. «Այն պատճառով, որ մարդիկ տեսնում են, որ Հայաստանից օլիգարխիան հետեւողականորեն արմատախիլ է արվում… բացահայտում ենք, որ կալուգացի օլիգարխը ավել հոսանք է գրել, գումարը դրել գրպանը: ՀՀ-ում մի մարդ չկա, որից ՀԷՑ-ը՝ կալուգացի օլիգարխի գլխավորությամբ, փող չի գողացել: Այդպիսի մի բաժանորդ չկա: Այսօր այդ բոլոր գողերը պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ես շատ պարզ ասում եմ՝ «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակով պիտի նստի, ձեւ չկա»:

Փաշինյանի խոսքով՝ 2018-ից 6,6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար են մտցրել պետբյուջե ու եթե 2018-ին «հեղափոխությունը», ըստ նրա, չլիներ. «Այդ փողերը Ռոբերտ, Գագո, կալուգացի այդ կլանի գրպանն էր մտնելու…2018 թվականից ես վարչապետ եմ, իմ թիմում էլ եմ ասում, Հայաստանի պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է: Այս սկզբունքը պետք է հաշվի առնեն բոլորը»:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018-ի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment