«Իրավապահ մարմինները երեւի թե այսօր պատշաճ հաղորդում կանեն։ Ես կարծում եմ, որ ով ուզում է լինի, եթե որեւէ մեկը հայրենիքի նկատմամբ դավաճանություն է գործում, այդտեղ ներում-բեկում չկա, պետք է գնալ մինչեւ վերջ եւ պատժել ամենախիստ ձեւով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԲՀԿ ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թեւանյանին «պետական դավաճանության» հոդվածով մեղադրանք կառաջադրվի։
«Ես հասկանում եմ, որ Հայաստանում նվազագույնը երեք քաղաքական ուժ կա, որոնց միակ հույսը Հայաստանի խաղաղ չլինելն ու Հայաստանում տնտեսական վիճակի վատանալն է։ Ամեն առավոտ հելնում, ասում են՝ արա, թարսի պես այսօր էլ է խաղաղ, այսօր էլ է տնտեսությունը զարգանում։ Իրենց համար միշտ թարսի պես է լինելու, որովհետեւ տնտեսությունը զարգանալու է կայուն, խաղաղությունը լինելու է տեւական, իսկ քրեաօլիգարխիկ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հեռացվելու է քաղաքական դաշտից՝ ժողովրդի քվեարկությամբ։
Եվ «Ապօրինի գույքի մասին» օրենքի տրամաբանությամբ տուն առ տուն, ավտո առ ավտո, ջիպ առ ջիպ, առյուծ առ առյուծ, ռեստորան առ ռեստորան, այդ ամեն ինչը վերադառնալու է ժողովրդին։ Իրենք դա զգում են եւ դրա համար են ոտքի հելել։ Ոտքի են հելել՝ իրենց թալանածը պաշտպանելու, բայց չի ստացվում, ժողովուրդ ջան, եկել է պատասխան տալու ժամանակը»,- նշեց Պապոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: