Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարության որոշմամբ, ստացված առաջարկությունների հիման վրա, խմբագրվել է Հանրակրթության պետական չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման շրջանակում։ Ըստ հիմնավորման՝ հիմնականում անփոփոխ են մնացել չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ ուսումնական բնագավառները և դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ 1) գիտելիք, 2) հմտություն, 3) դիրքորոշում, 4) արժեք, ինչպես նաև սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների նկարագրությունն ու պահանջները: Չափորոշչի առանցքային պահանջն այն է, որ կրթությունը կազմակերպվի սովորողի կարողությունների, հետաքրքրությունների և անհատական զարգացման վրա հիմնված մոտեցմամբ՝ ապահովելով սովորողի արժեհամակարգի, մտավոր, սոցիալական և գործնական հմտությունների ձևավորումը։ 2025-2026 ուսումնական տարվանից Հանրակրթության պետական չափորոշչով ուսուցումն իրականացվում է ՀՀ դպրոցների բոլոր դասարաններում, բացի 12-րդ դասարանից, որում կներդրվի հաջորդ ուսումնական տարվանից: Փոփոխությունների մի բաժինը վերաբերում է դպրոցի կողմից ուսումնական պլանի կազմման կարգավորումներին։
Մասնավորապես՝ փոփոխություններ են կատարվել յուրաքանչյուր կրթական մակարդում յուրաքանչյուր ուսումնական բնագավառին հատկացվող բաղադրիչների սահմանաչափերում։ Փոփոխությունների մի ուղղություն էլ վերաբերում է ավագ դպրոցում հիմնական եւ նպատակային ծրագրերով կրթության կազմակերպման կարգավորումներին։ Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են ընձեռում ավագ դպրոցի սովորողներին ինտեգրված առարկաների շրջանակում հիմնական ծրագրերով ուսումնասիրել իր մասնագիտական կողմնորոշման շրջանակից դուրս առարկաները, իսկ իր նախընտրած առարկաներն ուսումնասիրել նպատակային ծրագրերով՝ խորացնելով գիտելիքները, կարողություններն ու հմտությունները և նախապատրաստվելով բուհական ընդունելության քննություններին։ Հաշվի առնելով օտար լեզուների տիրապետման կարևորությունը՝ սահմանվել է, որ ավագ դպրոցի բոլոր դասարաններում նախատեսվում է ուսումնառել 2 օտար լեզու:
Առաջարկվում է նաև ավարտական կիսամյակում ավարտական կամ միասնական քննությունները դրական հանձնած սովորողի ծանրաբեռնվածության նվազեցում՝ նախագծերի, հետազոտական աշխատանքի, կամավորական աշխատանքի համար և այլն: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունները համահունչ են ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության ապահովման ռազմավարական նպատակի իրագործմանը:
Կամավորության միջոցով կխթանվի սովորողների քաղաքացիական ակտիվությունը, համայնքային մասնակցությունը և սոցիալական պատասխանատվությունը։ Ինտեգրված և նպատակային ծրագրերը հնարավորություն կտան նվազեցնելու կրկնվող բովանդակությունը, ապահովել բովանդակության ամբողջական ըմբռնումը, թույլ կտա սովորողին խորանալ մասնագիտական ուղղությամբ։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, երբ խոսվում է հանրակրթության չափորոշչի մասին, պետք է հասկանալ, որ այդ բովանդակային փոփոխությունը նաև էական ֆինանսական ներդրում է պետության կողմից. «Նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղեկցվել է հանրակրթության ֆինանսական ծավալների էական աճով: Մենք 2025 թվականին դպրոցների պահպանման ծախսերին, որով այս չափորոշչի բովանդակությունը ֆինանսավորվում է, հատկացրել ենք ավելի քան 128.8 մլրդ դրամ, այս տարի ավելին է: Սա 56.9 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին»։
Կապահովվի աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը. նախատեսում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի։ Նախագծի նպատակն է ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը։ Նախագիծը նախատեսում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը։ Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Մինչև տասներկու տարեկան, ինչպես նաև հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև տասնութ տարեկան երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ և շարունակական խնամք, ուշադրություն և ներգրավվածություն։ Աշխատանքային պարտականությունների և ծնողական պատասխանատվության համադրումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ աշխատողի արդյունավետության վրա։
Ծնողական ժամի տրամադրումը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին առավել ճկուն կերպով կազմակերպել իրենց աշխատանքային և ընտանեկան պարտականությունները՝ ապահովելով երեխայի խնամքի, կրթության և առողջության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն։ Միաժամանակ, այն նպաստում է աշխատավայրում սթրեսի նվազեցմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության պահպանմանը։ Տարբերակված մոտեցումը (կախված երեխաների թվից և երեխայի հաշմանդամություն ունենալու հանգամանքից) բխում է սոցիալական արդարության սկզբունքից, քանի որ բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ծնողները բախվում են առավել մեծ խնամքի բեռի։ Հետևաբար, նրանց համար նախատեսված առավել երկար ծնողական ժամը համաչափ և հիմնավորված աջակցություն է։ Ծնողական ժամի ներառումը աշխատաժամանակում և դրա ընթացքում աշխատավարձի պահպանությունը երաշխավորում է, որ աշխատողը չի կրի ֆինանսական կորուստ՝ իր ծնողական պարտականությունները կատարելու պատճառով, ինչը համապատասխանում է սոցիալական պետության սկզբունքներին և աշխատանքի իրավունքի հիմնարար երաշխիքներին։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող դրույթները նպաստում են ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը, երեխաների բարեկեցության բարձրացմանը և աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։
ՀՀ-ում 2025-2029 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շահառուների համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ
ՀՀ-ում 2025-2029 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի լավարկման, շահառուների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես նաև շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ծրագրի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային առավելագույն արժեքը սահմանել 1․1 մլն դրամ, իսկ փոխհատուցման բաղադրիչից օգտվող տնտեսավարողներին փոխհատուցել՝ յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 50 %-ը։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչից օգտվող տնտեսավարողների համար՝ մայր գումարի արտոնյալ ժամկետը սահմանել 18 ամիս, իսկ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացնել 100 %-ով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն 0% տոկոսադրույքով։ Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում 2025-2029 թթ. ընթացքում պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները ձեռք կբերեն շուրջ 4300 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների ավելացմանը:
Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը
Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմի արդիականացման և դրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի կիրառման ընթացքում կուտակված փորձը ցույց է տալիս, որ գործող կարգավորումները, լինելով ընդհանուր բնույթի և տնտեսության լայն շրջանակների համար կիրառելի, չեն ապահովում բավարար տարածքային և ոլորտային թիրախավորում։ Միաժամանակ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները, ներդրումային միջավայրի զարգացումը և ոլորտային ռազմավարական առաջնահերթությունները պահանջում են ծրագրի ճկունության բարձրացում և պետական աջակցության առավել նպատակային ուղղորդում։ Որոշման նպատակն է բարձրացնել պետական աջակցության թիրախայնությունը, ապահովել ֆինանսական շուկայում մրցակցության խթանումը, ինչպես նաև ծրագրի ֆինանսական ռեսուրսների արդյունավետ վերաբաշխումը՝ առանց պետական բյուջեի ծախսային բեռի էական աճի։ Ծրագրի իրականացումը 2022–2025 թթ. ընթացքում ապահովել է շուրջ 471 մլրդ ՀՀ դրամ կուտակային վարկային և լիզինգային պորտֆելի ձևավորում՝ պետական աջակցության և մասնավոր ներդրումների միջինում 1։10 լծակավորման հարաբերակցությամբ, ինչը վկայում է ծրագրի բարձր ներդրումային արդյունավետության մասին։
Որոշմամբ առաջարկվում է սահմանել տնտեսավարողների իրավունքը՝ սուբսիդավորվող վարկային/լիզինգային պայմանագրերը տեղափոխելու մեկ ֆինանսական կազմակերպությունից մյուսը՝ պահպանելով պետական աջակցությունը։ Սահմանվել է բարենպաստ սուբսիդավորման պայմաններ ՀՀ մարզերում (բացառությամբ Երևանի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման և վերակառուցման համար՝ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը։ Ծրագրի նպատակային գործունեությունների ցանկից հանվել է արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության (ՏԳՏԴ 35.11.5 դաս) համար նախատեսված համակարգերի ձեռքբերման ֆինանսավորումը՝ նոր սուբսիդավորվող պայմանագրերի մասով։ Ծրագրի շրջանակում ներառվել է «Թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում» տնտեսական գործունեության տեսակներ՝ խթանելով շրջանաձև տնտեսության մոդելների ներդրումը։ Արդյունքում՝ ակնկալվում է բարձրացնել պետական աջակցության թիրախայնությունն ու տնտեսական արդյունավետությունը՝ ձևավորելով տնտեսության համակարգային արդիականացման անհրաժեշտ նախադրյալներ։ Այն կնպաստի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների՝ էներգահամակարգի տեխնիկական հուսալիության բարձրացմանը, կխթանի մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացները, ինչպես նաև «կանաչ» և շրջանաձև տնտեսության սկզբունքների ներդրումը։ Միաժամանակ կբարձրանա ներդրումային միջավայրի ճկունությունը, կընդլայնվեն տնտեսավարողների ֆինանսական հնարավորությունները և կխթանվի արտադրողականության աճը։
Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար
ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է մարզպետների աշխատակազմերին հատկացնել ընդհանուր 401,236․3 հազար դրամ. Արմավիր՝ 209,085․6 հազար դրամ, Գեղարքունիք՝ 73,470․4 հազար դրամ, Լոռի՝ 1,455․0 հազար դրամ, Կոտայք՝ 3,223․3 հազար դրամ, Սյունիք՝ 35,475․8 հազար դրամ և Տավուշ՝ 78,526․1 հազար դրամ։
Ֆինանսական միջոցները հատկացվել են, մասնավորապես, հետևյալ ծրագրերի համար. Արմավիր՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Արևելյան նորակառույց թաղամասով անցնող անձրևատար կոլեկտորի վերակառուցում, Գեղարքունիք՝ Գավառ քաղաքի Հացառատ բնակավայրում կենցաղային կեղտաջրերի և Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի ապակենտրոնացված մաքրման կայանների կառուցում, Ճամբարակ համայնքի Տ․ Մեծի 4 վթարված շենքի բնակիչների համար կատարված և կատարվելիք ծախսերի փոխհատուցման համար, Լոռի՝ մարզպետի աշխատակազմի կարիքների համար էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի ձեռքբերում, Սյունիք՝ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքի բարեկարգման և արտաքին հարդարման աշխատանքների իրականացում, Տավուշ՝ Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի մոտ հենապատի ուժեղացման և բացօթյա լողավազանի կառուցում, Բերդ համայնքի Տ-10-55 /Հ-64/ (Նորաշեն) –Մովսես մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 7+600-կմ7+682 հատվածի հողային պաստառի վերականգնման և հենապատի կառուցման աշխատանքների իրականացում։
Փոփոխություններ՝ 2026 թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման մեջ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2026 թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման մեջ։ Ըստ հիմնավորման՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կովերի վաճառքի կամ սպանդի ենթարկելու, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում հաշվառված չլինելու հետևանքով, սուբսիդավորման ենթակա կովերի իրատեսական թիվը կարող է նվազել 10-11 %-ով կամ գրեթե 10 հազար գլխով։ Որոշմամբ՝ հանրապետության մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներն առավելագույնը 18 կովի փոխարեն կստանան 20 գլխի համար սահմանված ֆինանսական աջակցություն։ Միաժամանակ, նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանը սկսելու հանգամանքը, նախատեսվում է երկարաձգել շահառուների կողմից դիմումների ներկայացման վերջնաժամկետը։
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք՝ 2026 թ. հուլիսի 6-ից վեց ամիս ժամկետով: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: Այն կնպաստի միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելուն, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելուն, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելուն։
Կկրճատվի բյուջետային երաշխիքի տրամադրման ժամկետը
Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում։ Արդյունքում՝ կլուծվի բյուջետային երաշխիքի տրամադրման հետ կապված խնդիրը և կկրճատվի բյուջետային երաշխիքի տրամադրման ժամկետը։ Առաջարկվում է սահմանել, որ բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը։ Այն դեպքում, երբ տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը։ Ֆինանսների նախարարության կողմից բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո քննարկման և որոշման կայացման համար սահմանված 14 աշխատանքային օրը փոխարինվում է 10 աշխատանքային օրով։
Կընդլայնվի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակը
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։ Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսել է 100,000.0 հազար դրամ՝ ՀՀ մարզերում 800 մասնակցի ներգրավմամբ տեխնոլոգիական ուսուցողական դասընթացներ անցկացնելու համար։ Նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրից ստացել է բաղադրիչը համատեղ իրականացնելու առաջարկ, որով ՄԱԶԾ-ի կողմից նախատեսվում է տրամադրել 102,760.0 հազար դրամ՝ առկա և առցանց ձևաչափերով անցկացվող դասընթացներում ապահովելով առնվազն ևս 900 մասնակցի ներգրավվածություն։ Ավելին, համագործակցության արդյունքում «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակը կընդլայնվի՝ ԲՏԱՆ կողմից պլանավորված դասընթացներից բացի, ներառելով նաև այլ գործընթացների իրականացումը։
Մասնավորապես՝ թվային և ԱԲ գրագիտության ուսուցման սկզբունքների համատեղ նախագծման համար քաղաքականությունների մասնակցային մշակման գործիքակազմի ստեղծում՝ ներգրավելով միջազգային փորձագետների և հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: Աշխատանքի արդյունքում մասնակիցները համատեղ կստեղծեն խոցելի խմբերի համար նախատեսված թվային և ԱԲ գրագիտության, ինչպես նաև կիբեռանվտանգության ուսուցման ուղեցույցներ և հիմնարար սկզբունքներ՝ ապահովելով դրանց ներառականությունը, մատչելիությունը և գործնական կիրառելիությունը։ Մշակված ուսուցման ուղեցույցները և հիմնարար սկզբունքները կդրվեն մասսայական ուսուցման դասընթացների հիմքում:
Նախատեսվում է ԱԲ գրագիտության առկա/հիբրիդ և առցանց դասընթացի մշակում և փորձարկում, մասսայական կրթության համակարգային մեխանիզմի փորձարկում, բաղադրիչների մոնիթորինգ, գնահատում և ուսանում, ԱԲ գրագիտության և մշակույթի տարածման արշավների անցկացում։ Համագործակցության շրջանակում մշակված առկա և առցանց ուսումնական ծրագրերի հիման վրա կանցկացվեն դասընթացներ առնվազն 1700 մասնակցի համար։ ԱԲ գրագիտության և մշակույթի տարածման արշավները կնպաստեն Հայաստանում ԱԲ-ի պատասխանատու և արդյունավետ կիրառման խթանմանը, իսկ իրականացված դասընթացների արդյունքների հիման վրա կմշակվի մասսայական կրթության համակարգային մեխանիզմ։
Կապահովվի կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2026թ-ի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 470,776.0 հազար դրամի չափով՝ մի շարք կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, գույքով ապահովումը 470.8 մլն դրամ գումարի շրջանակում։ Մասնավորապես՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջի նոր շենքի կառուցման ՆՆՓ-երի լրամշակում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Ա. Խաչատրյան» համերգասրահի ինժեներական ենթակառուցվածքների և տանիքի հիմնանորոգման ՆՆՓ-երի փորձաքննություն, Արմավիրի թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզների նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննություն, չափագրություն և նախահաշվային փաստաթղթերի մշակում (պայմանագրի մնացորդի ֆինանսավորում), Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու վերականգնում (պայմանագրի մնացորդի ֆինանսավորում), «Արամ Խաչատրյան» համերգասրահի -4, -6, -9 հարկերի նորոգում (ավարտված աշխատանքների դիմաց վճարում կապալառուին), Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի մասնակի նորոգում /էլեկտրամատակարարման համակարգ, հակահրդեհային և հրդեհազդարարման համակարգեր, ջերմախոնավային համակարգ, պատուհանների մասնակի փոխարինում/, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնակի նորոգում /էլեկտրամատակարարման համակարգի նորոգում և պատուհանների փոխարինում/, Հայաստանի ազգային պատկերասրահի 2-րդ հարկի հուշանվերների խանութ-սրճարան-գրադարանի դիզայնավորում և կահավորում, Հայաստանի պատմության թանգարանի խանութ-սրճարանի դիզայնավորում և կահավորում, Հայաստանի պատմության թանգարանի 1-ին հարկի սանհանգույցի վերակառուցում և վերաձևավորում։
Նախատեսված գումարից 81,763.8 հազար դրամ կհատկացվի մի շարք հաստատությունների գույքի ձեռք բերմանը, մասնավորապես՝ մանկապարտեզների խոհանոցային տեխնիկա և կահույք, օդորակիչ ձեռքբերմանը։ Որոշմամբ նախատեսվում է նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող թվով 8 հանրակրթական դպրոցի համար ձեռք բերել մարզագույք՝ 32,487.4 հազար դրամի չափով՝ Ճամբարակի Մ․ Քոչարյանի Անվան N 2 hիմնական դպրոց, գ. Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի թիվ 1 հիմնական դպրոց, Վարդենիսի N4 հիմնական դպրոց, գ. Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց, գ. Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոց, ք. Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց, Լճափի միջնակարգ դպրոց, Սևանի հ․ 6 միջնակարգ դպրոց։
Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի քաղաք Ծաղկաձորում սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ֆորումը նախատեսվում է իրականացնել առանձին ծրագրերի կամ միջոցառումների քննարկում: Այն անցկացվելու է տարբերվող ձևաչափով, որտեղ պետական մակարդակով կքննարկվեն սպորտի ոլորտի ռազմավարական զարգացման և կառավարման բարեփոխումների հարցերը: Արդյունքում՝ կապահովվի կառավարման արդյունավետության բարձրացում, օրենսդիր և գործադիր մարմինների միջև համակարգային բարեփոխումների քննարկում, Ֆեդերացիաների և նախարարության միջև հստակ դերաբաշխում ու հաշվետվողականության բարձրացում:
Կհստակեցվեն կրթական կազմակերպությունների գործառույթները
Կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներով, ինչպես նաև «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների վերջին փոփոխություններով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Որոշման հիմնական նպատակն է բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան կարգավորումների ներդրումը, կրթահամալիրների կազմակերպչական և գործառույթային հստակեցումները։ Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, որի արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա: Որոշման ընդունումը կնպաստի կրթահամալիրների գործունեության հստակեցմանը՝ օրենքի պահանջներին համապատասխան, կրթության շարունակականության և հասանելիության ապահովմանը բոլոր կրթական մակարդակներում, համայնքահեն և բազմաֆունկցիոնալ կրթության զարգացմամբ՝ տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Ուսումնական գործընթացի կազմակերպումը կդառնա ավելի արդյունավետ, ճկուն և ժամանակակից չափանիշներին համապատասխան: Իրավական հստակեցումները թույլ կտան կրթահամալիրներին իրականացնել բազմաֆունկցիոնալ գործունեություն՝ օրենքին համապատասխան: Կրթահամալիրները կծառայեն համայնքային զարգացմանը, խթանելով տեղական ներուժի օգտագործումը և կրթական հնարավորությունների հավասար հասանելիությունը: Օրինակելի կանոնադրության միջոցով կստեղծվեն թափանցիկ, հաշվետվողական և արդյունավետ կառավարման մեխանիզմներ՝ ներառյալ թվայնացված գործընթացներ և ռեսուրսների արդյունավետ օգտագործում:
Կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ։ Արդյունքում՝ կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող «Հայաստան օրգանական» տարբերանշանը մշակվել է Braind բրենդինգային ընկերության կողմից և անհատույց տրամադրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Այն հանդիսանում է հայկական օրգանական արտադրանքի հավաստման և նշագրման հիմնական խորհրդանիշը, որն ընդգծում է Հայաստանի մշակութային և ազգային ինքնությունը, ինչն արտահայտվում է նռան պատկերով՝ որպես պտղաբերության և հարստության ավանդական խորհրդանիշ: Տարբերանշանը նախատեսված է ինչպես հիմնական տարբերակով՝ բաց ֆոնի վրա կիրառման, այնպես էլ երկրորդական տարբերակով՝ մուգ կամ կանաչ ֆոնի վրա կիրառման համար, ինչը հնարավորություն է ընձեռում պահպանել տարբերանշանի ընթեռնելիությունը և տեսանելիությունը կիրառման ընթացքում։ Որոշման ընդունումը կնպաստի նաև տարբերանշանի ինքնության պաշտպանությանը, կնպաստի Հայաստանի՝ որպես բարձրակարգ օրգանական արտադրանքով երկրի ճանաչելիության բարձրացմանը, ինչը կհանգեցնի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների աճին։
Կառավարությունը հրաժարվել է գույքերի օտարման, գրավադրման դեպքերում նախապատվության իրավունքներից
Կառավարությունն ընդունել է ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված գույքի օտարման գործարք իրականացնելու վերաբերյալ ՀՀ Կառավարության նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Կառավարությանը ներկայացվել է առաջարկություն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և Կառավարության 2025 թ. օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման հիմքով՝ ընկերությանը պատկանող քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, ՏԵ-1775, ԲԵ-147 էլեկտրական ենթակայաններ հասցեում գտնվող (անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 42 մլն 800 հազար ՀՀ դրամ) անշարժ գույքի վերաբերյալ կայացնել որոշում, օտարման գործարք իրականացնելու դեպքում ՀՀ նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու կամ հրաժարվելու մասին։ Արդյունքում՝ ընկերությունը հնարավորություն կստանա օտարել գույքն առանց իրավական խոչընդոտների՝ նախապես ստանալով ՀՀ Կառավարության համաձայնությունը։
Գործադիրն ընդունել է նաև ««Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված գույքի գրավադրման գործարք իրականացնելու վերաբերյալ ՀՀ Կառավարության նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Կառավարությանը ներկայացվել է առաջարկություն ընկերությանը պատկանող «Երևանի ՀԷԿ-1» հիդրոէլեկտրակայանի թվով 2 հիդրոագրեգատների (որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է տուրբինից և գեներատորից, որոնցից յուրաքանչյուրի վերագնահատված արժեքը 31․12․2023թ․ դրությամբ կազմում է 828 մլն 176 հազար 615 ՀՀ դրամ)) վերաբերյալ կայացնել որոշում, Եվրասիական զարգացման բանկի օգտին գրավադրման գործարք իրականացնելու դեպքում ՀՀ Կառավարության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու կամ հրաժարվելու մասին։ Արդյունքում՝ ընկերությունը հնարավորություն կստանա գրավադնել գույքը առանց իրավական խոչընդոտների՝ նախապես ստանալով ՀՀ Կառավարության համաձայնությունը՝ գույքի գրավադրման դեպքում նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին։
Ընդունվել է նաև «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող հողատարածքը «Էյչ Էներջի Սոլյուշնս» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնելու գործարք իրականացնելու վերաբերյալ ՀՀ Կառավարության նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին» որոշում։ Ընկերությունը ներկայացրել է առաջարկություն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գործարանային փողոց 1 հասցեում գտնվող 0.5415 հա մակերեսով հողատարածքի (կադաստրային արժեքը՝ 10 մլն 169 հազար 225 ՀՀ դրամ) վերաբերյալ կայացնել որոշում, գործարք իրականացնելու դեպքում Կառավարության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու կամ հրաժարվելու մասին։ Տեղեկացվել է նաև, որ նշված գույքը չի մասնակցում ընկերության հիմնական գործունեության իրականացմանը և գործարքի իրականացումը որևէ ձևով չի խափանի վերջինիս արտադրական գործընթացը։ Արդյունքում՝ ընկերությունը հնարավորություն կստանա կատարել վերոնշյալ գործարքը առանց իրավական խոչընդոտների՝ նախապես ստանալով ՀՀ Կառավարության համաձայնությունը՝ նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին։
Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան
Գործադիրը սահմանել է Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորման և վարման կարգը։ Ըստ հիմնավորման՝ ներկայում գոյություն չունի լաբորատոր ախտորոշիչ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռեեստր, որը կպարունակի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված և համապարփակ տեղեկատվություն՝ հասանելի շահագրգիռ կողմերին: Ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝ կազմակերպությունների տեղակայման, գործունեության տեսակների, լիցենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար, արտակարգ իրավիճակներում Կազմակերպությունների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար, բարելավելու կազմակերպությունների համագործակցությունը, տեղեկատվության ապահովումն ու փոխանակումը։ Արդյունքում՝ կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. դեկտեմբերի 29-ին քաղաք Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: ՀՀ-ում բժշկական արտադրատեսակները մինչ այժմ չեն գրանցվում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով: Նախատեսված փոփոխությունները լրացուցիչ ժամանակ են ընձեռում ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կարգավորող ենթաօրենսդրական դաշտի նախապատրաստման համար, ինչը կապահովի բնակչությանը անվտանգ, որակյալ, արդյունավետ բժշկական արտադրատեսակներով: Արձանագրությունը նախատեսում է երկարաձգել անդամ-պետությունների օրենսդրության կիրառման անցումային ժամկետը:
Հավանություն է տրվել 2025 թ. հունիսի 5-ին Դուշանբեում ստորագրված «Ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Այն միտված է տվյալ ոլորտում համաձայնագրի մասնակից պետությունների ձեռնարկությունների միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը: Համաձայնագիրը նպատակ ունի նպաստել կողմերի ծանր մեքենաշինության ճյուղերի համար արդյունաբերական արտադրության զարգացմանը՝ հիմնականում կոոպերացիայի աճի, նոր արտադրական արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և փոխանակման, նորարարական թարմացման, ռեսուրսների խնայողության և էկոլոգիական անվտանգության, ինչպես նաև նշված ճյուղերի արտադրանքի մրցունակության աճի միջոցով: Համաձայնագրի շրջանակում ենթադրվում է կողմերի ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման նպատակով համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:
Այլ որոշումներ. կհստակեցվի ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորությանն առնչվող նորմը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորությանն առնչվող նորմը հստակեցնելու համար։ Որոշմամբ նախատեսվում է նաև հստակեցնել այն ապրանքների ցանկը, որոնց՝ ՀՀ տարածք ներմուծումը կարգավորվում է ՀՀ օրենքներով և Կառավարության որոշումներով սահմանած կարգերով։
Գործադիրի որոշմամբ համալրվել է ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծված «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կապիտալը։ Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման (բաժնետոմսերի դիմաց վճարումների) համար անհրաժեշտ է 200 մլն դրամ:
Կառավարությունը սահմանել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակները։ Որոշման ընդունումը որոշակի հստակություն կմտցնի ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելու և մաքսային մարմնի կողմից վարչարարություն իրականացնելու հարաբերություններում։
Լոռու մարզի Տանձուտ, Ձորագետ, Դեբեդ և Փամբակ գետերում առավել հրատապ հատվածների մաքրման աշխատանքների իրականացման, ինչպես նաև փաստաբանական ծառայությունների ձեռքբերման համար գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ գարնանը գետերի հնարավոր վարարումների ռիսկերից խուսափելու համար աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, հետևաբար, ֆինանսական միջոցները առաջարկվում է նախատեսել 2-րդ եռամսյակում։ Անհրաժեշտ գումարը 5 աշխատանքների մասով կազմում է 446,528.2 հազար դրամ։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: