Կառավարությունը դարձյալ փոփոխում է Հանրակրթության պետական չափորոշիչը։ Նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են արվելու։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց՝ արդյոք չափորոշիչի փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ դասագրքերի փոփոխություն էլ պետք է լինի։
«Ես պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն 2023-ից սկսած, մրցակցային դաշտ ձեւավորելով, դասագրքերի հրատարակության գործընթաց ենք իրականացնում։ Պետք է ասեմ, որ մեծ ծավալի դասագրքաստեղծ աշխատանք է արվել, ընդ որում, մրցակցային պրոցեսները հնարավորություն են տվել նվազեցնել գինը։ Եվ նոր խաղացողներ են հայտնվել դաշտում։ Մենք նախատեսում ենք նաեւ այդ դասագրքերը վերանայել, որովհետև, ըստ էության, դասագրքերն առաջին անգամ մտան դպրոց, փորձարկվեցին ուսուցիչների կողմից, այս ընթացքում հավաքագրել ենք կարծիքները։ Հաջորդ տարի նախատեսվում է վերահրատարակություն, կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք մենք նկատել ենք։ Իսկ մյուս դասագրքերը, որոնք ավելի փոքր լրամշակումների կարիք են զգացել, դրանք ուղղակի կվերահրատարակվեն»,- ասաց Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Տիկին Անդրեասյան, ես կուզենայի ձեր կարծիքը լսել արհեստական բանականության մասին։ Մենք ո՞նց ենք մեր կրթության մեջ դա դիտարկելու։ Եթե մենք դրանով չզբաղվենք մեր չափորոշիչներում, ինքն է մեզանով զբաղվելու»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նախարարն ի պատասխան նշեց․ «Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, մենք արդեն երրորդ տարին մասնավոր ոլորտի մեր գործընկերների հետ մեր դպրոցում հաջողությամբ փորձարկում ենք արհեստական բանականության դասընթացներ։ Այս սեպտեմբերից մեր համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով արդեն ավելի քան 40 ավագ դպրոցներ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: