ԱՄՆ-ի առաջարկները Թեհրանին․ հրապարակվել են բանակցությունների հնարավոր պայմանները

Իրանցի լրագրող Ալի Գոլհաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի հետ բանակցությունների շրջանակում Թեհրանին փոխանցել է մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ինչպես ռազմական լարվածության նվազեցմանը, այնպես էլ միջուկային ծրագրին։

Լրագրողի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը առաջարկել է միաժամանակ բանակցությունների հիմնական փուլի հետ ստորագրել մի շարք պայմանավորվածություններ, որոնց թվում են՝ ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր ուղղություններով, Հորմուզի նեղուցի շուրջ սահմանափակումների վերացումը, ինչպես նաև իրանական նավթի վաճառքի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել ապաշրջափակել Իրանի սառեցված ակտիվների մի մասը՝ մոտ 25 միլիարդ դոլարի չափով։

Բանակցությունների հիմնական փուլում, ըստ հրապարակման, քննարկվում են Իրանից 400 կգ հարստացված ուրանի դուրսբերումը, Իրանի՝ մինչև 3.67% ուրանի հարստացման իրավունքի հնարավոր ճանաչումը և միջուկային օբյեկտների մեծ մասի փակումը՝ բացառությամբ Թեհրանի բժշկական ռեակտորի։

Գոլհաքիի խոսքով՝ Իրանը պահանջում է, որպեսզի առաջարկվող բոլոր քայլերն իրականացվեն 30 օրվա ընթացքում՝ գործնականում ստուգելու ԱՄՆ-ի պարտավորությունների կատարումը և բանակցությունների իրական նպատակները։

Leave a comment