Մենք արդեն 3-րդ տարին մասնավոր ոլորտի մեր գործընկերների հետ մեր դպրոցներում հաջողությամբ փորձարկում ենք ԱԲ դասընթացները, սեպտեմբերից ՖԱՍԹ հիմնադրամի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով ավելի քան 40 ավագ դպրոցներ, ընդ որում՝ պետք է ասեմ, որ ծրագիրը բավական մեծ հաջողություններ է գրանցել: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մեր այս դասընթացն անցնող աշակերտները հաջողություն են գրանցում ԱԲ միջազգային օլիմպիադաներում. ունենք մեդալակիր երեխաներ: Մեր այս ծրագիրը բոլորովին վերջերս ԱՄՆ-ում կազմակերպված միջազգային մրցույթում մրցանակ ստացավ որպես կրթական նորարարության և ոլորտի կրթական դասընթացների հաջողված փորձ, և այդ իմաստով պետք է ասեմ, որ առանձին ԱԲ դասընթացի ուսուցման մասով Հայաստանի փորձը համարվում է այս պահին ուսանելի, հաջողված: Մենք նաև միջազգային հարթակներում ենք ծրագիրը ակտիվորեն ներկայացնում, բայց երկրորդ՝ ավելի կարևոր խնդիրը համարում եմ ԱԲ գրագիտության՝ համընդհանուր գրագիտության հարցը: Եվ սա մի հմտություն է, որը պետք է թե՛ մեր սովորողներին, և թե՛ նաև մեր աշխատակիցներին, այդ թվում՝ ուսուցիչ և ադմինիստրատիվ կազմը նկատի ունեմ: Մենք այս ուղղությամբ էլ աշխատում ենք: Հիմա մի համատեղ նախաձեռնություն ունենք, որը, հուսով եմ, սեպտեմբերից կմեկնարկենք: Այստեղ էլ Firebird-ի և OpenAI-ի հետ միասին ենք աշխատում, և սա մեզ պետք է հնարավորություն տա, որպեսզի արդեն այս գրագիտության ուղղությամբ, որը կօգնի թե՛ ուսուցիչներին գործիքակազմ ունենալ, կիրառել, թե՛ նաև մեր սովորողներին պատշաճ իրազեկել այդ ճանապարհով նույնպես առաջ գնալ»,- նշեց նա:
«Պետական բուհերում ԱԲ-ի դերը ու ադապտացումը պետք է քննարկենք»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դրանք բարդ հարցեր են և չունեն միանշանակ լուծումներ, և այնպես չէ, որ որևէ լուծում կարող ենք համարել 100 տոկոսանոց, բայց որ այդ մասին պետք է շատ խոսել, շատ ուսումնասիրել և փորձել տարբեր մեթոդներ գտնել խնդրին առնչվելու՝ միանշանակ այդպես է: Եվ մեր բուհերը այդ քննարկման մաս են, և Firebird, OpenAI-ի հետ սպասվող համագործակցությունը առնչվում է նաև ԲՈՒՀ-երին: Ես կարծում եմ՝ բուհական կրթության լուրջ ռեֆորմի անհրաժեշտություն կա, և այդ անհրաժեշտությունը միայն Հայաստանում չէ, և պետք է կարողանանք դրան համընթաց գնալ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց դպրոցներում ԱԲ փորձնական ծրագրի ընդայնման անհրաժեշտությունը:
Ժաննա Անդրեասյանն ասաց. «Այստեղ կարևոր է որ ընդլայնման տրամաբանության մեջ մենք որակի չափանիշները պահենք: Պետք է ասեմ, որ այստեղ բավականին մեծ ծավալի աշխատանք է արվում, այդ թվում՝ ուսուցիչների հետ, որոնք պետք է դասավանդեն: Այդ ուսուցիչներն անցնում են մեծածաալ վերապատրաստում, հետո՝ մենթորական ուղեկցում: Ինչ խոսք, մենք ունենք ավելի արագ անելու հարց, բայց ունենք նաև որակյալ արդյունքներ ունենալու հարց: Եթե մենք տեսնում ենք, որ որևէ դպրոց իրատեսորեն կարող է նույնպես հայտնվել այս ցանկում, ապա որևէ սահմանափակում չունենք այդ դպրոցների հետ աշխատելու: Պետք է ասեմ, որ բավականին մեծ ոգևորություն է առաջացնում նաև երեխաների շրջանում կրթությունը հենց ավագ դասարաններում շարունակելու: Մենք, բնականաբար, այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ կաշխատենք»: