Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում

Քաղաքականություն

21.05.2026 | 12:24

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ միջուկային զորավարժությունների ժամանակ զինամթերք է մատակարարել Բելառուսում գտնվող հրթիռային բրիգադի դաշտային կայաններ, նշում է Meduza-ն։

Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ռազմական բեռնատարներ, ինչպես նաև «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ զինվորականներն «իրականացնում են ուսումնամարտական ​​ առաջադրանքներ՝ հատուկ զինամթերք ձեռք բերելու համար», «Իսկանդեր-Մ» համակարգը հագեցնում են հրթիռներով և «գաղտնի կերպով տեղափոխում նշանակված տարածք՝ արձակումներին նախապատրաստվելու համար»։

Ռուսաստանը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 19-ից 21-ը կանցկացնեն միջուկային ուժերի պատրաստման և կիրառման  վարժանքներ: Զորավարժությունների շրջանակում նախատեսվում էր մշակել Բելառուսում տեղակայված միջուկային զենքի համատեղ պատրաստումը և կիրառումը:

Բելառուսի Պաշտպանության նախարարությունը միջուկային ուժերի տեղակայման վարժանքներ է անցկացնում մայիսի 18-ից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment