Կլիմայական ճգնաժամը Հայաստանում. երբ բնապահպանական խնդիրը դառնում է մարդու իրավունքների հարց

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կլիմայի փոփոխությունն այլևս միայն բնապահպանական օրակարգի մաս չէ. այն վերածվել է լուրջ սոցիալական մարտահրավերի՝ ուղղակիորեն ազդելով մարդու հիմնարար իրավունքների, առողջության և արժանապատիվ կյանքի պայմանների վրա։ Ջերմաստիճանի անշեղ աճը, ջրային պաշարների նվազումն ու օդի աղտոտվածությունը ստեղծում են մի իրավիճակ, որտեղ հասարակության առավել խոցելի խմբերը հայտնվում են հարվածի տակ։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի խոսքով՝ խնդիրն ունի համակարգային ազդեցություն։
«Կլիմայի փոփոխությունը իր հիմքում բնապահպանական խնդիր է, սակայն դրա հետևանքները ազդում են բոլոր ոլորտների վրա՝ սոցիալական, տնտեսական և առողջապահական»։

Ըստ պաշտոնյայի՝ կլիմայական տատանումներն առավել ցավոտ են անդրադառնում գյուղատնտեսության վրա, որտեղ բերքատվության անկումն ու անապատացումը սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացնում։
«Ամառները դառնում են ավելի շոգ և չոր, ձմեռները՝ ավելի սաստիկ, ինչը բերում է գյուղատնտեսության համար վատ պայմանների և ցածր բերքատվության»,- նշում է Ավետիսյանը։

Կլիմայական ծախսերի աճի պայմաններում հատկապես խոցելի են դառնում կանայք, տարեցներն ու երեխաները։ Կանանց եկամտային ցածր մակարդակը նրանց դնում է ավելի մեծ ռիսկի տակ, իսկ երեխաների ու տարեցների համար ծայրահեղ եղանակային պայմանները վերածվում են առողջապահական լուրջ սպառնալիքի։

Կլիմայի փոփոխությունը սերտորեն կապված է օդի աղտոտվածության խնդրի հետ, հատկապես Երևանում։ Անապատային օդային զանգվածների հաճախակի ներթափանցումը մեծացնում է փոշու քանակը, ինչը վտանգավոր է առողջության համար։ Ավետիսյանի խոսքով՝ նույնիսկ օդի «ոչ կրիտիկական» աղտոտվածությունը ռիսկի խմբերի համար կարող է վտանգավոր դառնալ։

Օդի աղտոտվածության խորացման պատճառների մասին խոսում է նաև Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Հովիկ Սայադյանը՝ ընդգծելով քաղաքաշինական գործոնի դերը։

«Քաղաքի գլխավոր հատակագծին անհամապատասխան շինարարությունը խաթարել է օդի բնական շարժը, ինչի հետևանքով արտանետումները կախվում են քաղաքի վրա։ Երևանը գտնվում է գոգավորության մեջ, որտեղ հաճախ առաջանում է ջերմաստիճանային ինվերսիա, և օդի շրջանառության դանդաղումը խորացնում է աղտոտվածության ազդեցությունը բնակչության առողջության վրա»,- պարզաբանում է պրոֆեսորը։ 

Խնդիրների շղթան փակվում է ջրային ռեսուրսների սղությամբ։ Երևանի կանաչ տարածքների պահպանումը ուղղակիորեն կախված է ոռոգման ջրից, որի պաշարները հետզհետե կրճատվում են։ Սայադյանի համոզմամբ՝ ջրային ռեսուրսների կառավարումը, ներառյալ՝ Սևանա լճի հիմնախնդիրը, Հայաստանի առջև կանգնած ամենահրատապ մարտահրավերն է։

«Եթե ուզում ենք ավելացնել կանաչ տարածքները, առաջին հարցը ջրի առկայությունն է։ Սակայն, առանց տեղական բնակչության ներգրավման, նույնիսկ լավագույն ռազմավարությունները չեն կարող արդյունավետ լինել»,- նշում է Սայադյանը։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է ոչ միայն պետական քաղաքականություն, այլև ակտիվ քաղաքացիական մասնակցություն։ Բնապահպանական կրթությունը պետք է լինի գործնական և մասնակցային։

Որպես լուծում՝ մասնագետներն առաջարկում են անցում կատարել հարմարվողականության գործնական քայլերի, ինչպիսիք են անձրևաջրերի հավաքման համակարգերի ներդրումը և բնապահպանական կրթության խորացումը։ Ակնհայտ է մեկ փաստ. կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է ոչ միայն պետական քաղաքականություն, այլև ակտիվ քաղաքացիական մասնակցություն։ 

Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։

Հարություն Սարգսյան, Կարեն Կոլոսով, Անի Ավանեսյան, Էրիկ Մանուկյան, Անահիտ Ավագյան

Leave a comment