ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ արձագանքել է The Insider-ի հրապարակմանը՝ այն անվանելով «ֆեյք» և «հակառ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատության է ենթարկել The Insider պարբերականի վերջին հրապարակումը, որը վերաբերում էր Հայաստանում  գործող ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։ Մայիսի 19-ին հրապարակված նյութում պարբերականը պնդում էր, թե Ռուսաստանի ԱԴԾ-ի, ԳՀՎ-ի և Արտաքին հետախուզության ծառայության գործակալներ են ուղարկվել Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ համակարգելու նպատակով։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ հոդվածը «բացահայտ սուտ և կազմակերպված սադրանք» է, որի նպատակը ռուս դիվանագետների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն ու Հայաստանի հասարակությանը ընտրություններից առաջ վախեցնելն է։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակման հեղինակները թույլ են տվել բազմաթիվ փաստական սխալներ և անճշտություններ՝ հիմնվելով «անանուն աղբյուրների», կասկածելի «սքրինշոթների» և հակառուսական դիրքորոշմամբ հայտնի օտարերկրյա լրատվամիջոցների վրա։ Ըստ Մոսկվայի՝ նյութում բացակայում է որևէ համոզիչ ապացույց այն մեղադրանքների վերաբերյալ, թե Ռուսաստանը համակարգում է հակափաշինյանական արշավ կամ փորձում է ազդել ընտրությունների արդյունքների վրա։

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է նաև Երևանում գործող Ռուսական տանը, որի գործունեությունը The Insider-ը ներկայացրել էր որպես «փափուկ ուժի» գործիք։ Մոսկվան ընդգծել է, որ մշակութային, կրթական և հումանիտար ծրագրերի իրականացումը Ռուսաստանի արտասահմանյան մշակութային կենտրոնների բնականոն գործունեությունն է։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ցանկացած գործունեություն ներկայացվում է որպես «հատուկ ծառայությունների օպերացիա», մինչդեռ խոսքը սովորական դիվանագիտական աշխատանքի մասին է՝ շփումների պահպանում, մշակութային միջոցառումներ, հումանիտար ծրագրեր և վերլուծական գործունեություն։

Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել նաև այն առնչությամբ, որ Հայաստանի ընդդիմադիր գործիչների և հասարակական դեմքերի ցանկացած շփում Ռուսաստանի հետ ներկայացվում է որպես համագործակցություն ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Ըստ ԱԳՆ-ի՝ այդ կերպ հայկական հասարակությանը պարտադրվում է պարզունակ մոտեցում՝ «իշխանությունների քննադատությունը հավասար է Մոսկվայի գործակալ լինելուն»։ Մոսկվան պնդում է, որ իրական միջամտությունը Հայաստանի նախընտրական դիսկուրսին ոչ թե Ռուսաստանի դիվանագիտական գործունեությունն է, այլ նման հրապարակումները, որոնք, ըստ հայտարարության, «հիստերիա են հրահրում հայկական և միջազգային տեղեկատվական դաշտում»։

ՌԴ ԱԳՆ-ն նաև մեղադրել է եվրոպական կառույցներին՝ պնդելով, որ «ժողովրդավարության աջակցությանը» հատկացվող միջոցների զգալի մասը ծախսվում է հակառուսական օրակարգ առաջ մղող մեդիա հարթակների ֆինանսավորման վրա։ Հայտարարության մեջ հիշատակվում է նաև«բրյուսելյան արագ արձագանքման խումբը», որը, ըստ Մոսկվայի, ժամանել է Հայաստան՝ Ռուսաստանի վարկաբեկման և հայ-ռուսական հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով։

ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Հայաստանում կիրառվում է «մոլդովական սցենարը»՝ Ռուսաստանին թշնամական միջավայրում ներկայացնելու և տեղեկատվական դաշտը «ռուսական ազդեցությունից մաքրելու» համար։ Ռուսաստանը հիշեցրել է, որ The Insider-ը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ» և «անցանկալի կազմակերպություն»։

Ըստ Մոսկվայի՝ Երևանում «ռուսական գործակալների» վերաբերյալ հրապարակումը Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասից դուրս մղելու լայն արշավի մաս է։ ՌԴ ԱԳՆ-ն զարմանք է հայտնել նաև այն կապակցությամբ, որ Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ The Insider-ին ներկայացրել են որպես «ազդեցիկ ռուսական ռեսուրս» և անմիջապես ընդունել հրապարակման թեզերը որպես ճշմարտություն։ Հայտարարության ավարտին ռուսական կողմը վստահություն է հայտնել, որ «հայ ժողովուրդը թույլ չի տա իրեն խաբել»։

 

armlur.am

Leave a comment