Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը

Մայիսի 20-ին Գագիկ Ծառուկյանը Մեղրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության  հետ  հանդիպման ժամանակ աջակիցներին ասել էր, թե Հայաստանում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը անցնում է 10 հազարից։ «10 հազարից ավել հաշմանդամ (հաշմանդամություն ունեցող անձ–խմբ․) ունենք»,- հայտարարել էր Ծառուկյանը։ Այնուհետև, անդրադառնալով պատերազմի զոհերի «5000 զոհ» ունենալու մասին պնդմանը, ասում է․ «․․․լավ, թող լինի 4890»։

«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թվին և այդ մասին ունի մի քանի հրապարակում։ 

Կարդացեք նաև «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը։

Որքա՞ն է Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը. ՍԴ-ում սխալ հայտարարություն է արվել։

Ծառուկյանին արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ իր հերթին հայտարարելով, որ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը եղել է 10 անգամ քիչ՝ մոտ 1000։

FIP.am-ը փորձել է ստուգել Ծառուկյանի և Ռուբինյանի հայտարարությունները և պարզել, որ այս պահին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 693 է։ 

Նախ նշենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի համաձայն՝ «Հաշմանդամություն ունեցող անձը այն անձն է, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը Հայաստանում 693 է: Ըստ նույն տվյալների՝ 44-օրյա պատերազմի մասնակցի կարգավիճակ ունեցող անձանց մեջ ոտքերի ամպուտացիա ունի 117 անձ, իսկ ձեռքերի ամպուտացիա` 23 անձ: 1 անձի մոտ ամպուտացված են բոլոր վերջույթները։

«Քանի որ ֆունկցիոնալության գնահատումը տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ շատ մարդիկ առողջական վիճակի բարելավման հիմքով այլևս չեն ճանաչվում հաշմանդամություն ունեցող»,- փոխանցել են նախարարությունից։ Այսինքն, այդ անձինք դադարում են համապատասխանել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակին։

«Փաստերի ստուգման հարթակը» 2021 թվականին ևս անդրադարձել էր այս հարցին՝ ներկայացնելով տվյալ ժամանակի վիճակագրությունը։ 

Կարդացեք նաև՝ Որքա՞ն է Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը. ՍԴ-ում սխալ հայտարարություն է արվել:

Ըստ այդմ, 2020 թվականի նոյեմբերից սկսած, 2021-ի հունիսի դրությամբ փորձաքննվել է վիրավորում, վնասվածք և հիվանդություն ձեռք բերած 1700 անձ, որից 1267-ի համար սահմանվել է հաշմանդամություն. 1-ին խումբ՝ 112 անձի, 2-րդ խումբ՝ 360 անձի և երրորդ խումբ՝ 799 անձի։ Այս անձանցից միայն 510-ն են հաշմանդամություն ձեռք բերել զինվորական պայմաններում:

Այսպիսով, հաշմանդամություն ունեցող անձանց քանակի մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե 10 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող անձ կա պատերազմի հետևանքով, սխալ է և չի հաստատվում պաշտոնական տվյալներով։ Չի հաստատվում նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանի հնչեցրած թիվը, սակայն վերջինի մատնանշած վիճակագրությունը մոտ է պատերազմին հաջորդած շրջանին և թարմացման կարիք ունի։ 

Արեն Նահապետյան

The post Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը appeared first on FIP.AM.

Leave a comment