ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Վանաձորի հանրահավաքում ելույթում արված հետեւյալ հայտարարություններին. «Կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ՝ գերդաստանումդ 6 չափահաս տղա ես ունեցել, երկուսը՝ քոնը, երկուսը՝ ախպորինդ, երկուսն էլ՝ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի: Դուք ո՞ր երկրի համար եք պայքարում»։
Իշխան Սաղաթելյանը մասնավորապես ասել է. «Լսի, տղա ջան, դու Հայաստանի՞ պաշտպանության նախարարն ես, թե՞ Ադրբեջանինը։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ ինչի չեն զոհվել։ Բա դուք ինչի՞ եք մինչև հիմա ողջ։ Ինչի՞ չեք մասնակցել պատերազմին, քանի՞ ՔՊ-ական է մասնակցել պատերազմին։ Օրինակ, այս պատերազմին 55 դաշնակցական է զոհվել։ Կամ սա ինչ խոսույթ է, սա ինչ ձև է՝ էն մեկը արցախցիներին է բռնում, ասում՝ ինչի չեք զոհվել պատերազմում, դու՝ այդտեղից… Այսինքն՝ դուք այլեւս ողջ մնացած հայերի հետ խնդիր ունեք։
Պաշտպանության նախարար՝ 200 քառ. կմ քո գործունեության ժամկետում նվիրել եք Ադրբեջանին։ 200-ից ավել զոհ ենք ունեցել։ 15 երիտասարդ հայ տղա կացարանում այրվել է։ Դու դրա համար պատասխան տվե՞լ ես։
Ի՞նչ եք անընդհատ մարդկանց բռնում՝ ինչի եք ողջ մնացել։ Բա այսքանից հետո, այսքան դժբախտություն, մահ, կոտորած, կորուստ տալուց հետո ինչի՞ ինքնասպան չեք եղել։
Ժողովուրդ ջան, այս գժանոցին պիտի վերջ տանք։ Սրանք այլևս խնդիր ունեն կենդանի մնացած հայերի հետ։ Այսինքն, սրանք ում չեն կարողացել կոտորել, տալ թուրքի բերան, այլևս իրենց հետ լրջագույն խնդիր ունեն։ Ամեն ինչի վերջը պետք տրվի։ Այսինքն, եթե չեն կարողացել բոլորին սպանել, երկիրը հանձնել թուրքերին, հիմա ռուպորները վերցրեն, ընկել են ժողովրդի հետևից՝ ինչի՞ ես ողջ, ինչի՞ ես սաղ, ինչի՞ չես զոհվել։ Ու դա ասում է Հայաստանի պաշտպանության նախարարը։ Ես ասում եմ՝ նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իրեն սենց արտահայտություններ թույլ տալ չէր կարող»։
Ի դեպ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, թե քանի որ «օրակարգ են մտել հարցեր, որոնք նախկինում անպատկերացնելի էին, որոշել եմ վաղը պաշտոնապես պարզել»։
Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում հարցնում է. «Լավ չեմ հիշում. Սուրեն Պապիկյանը զոհվե՞լ է պատերազմում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի։ Չիմացանք, նա զոհվե՞ց, թե՞ ոչ։
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՔՊ-ական մարզպետները և համայնքների ղեկավարները կամավորական ջոկատներ էին կազմել։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե նրանցից ով է զոհվել։
Բայց իրենց ներկայացրած հայտարարագրերից շատ լավ է երևում, թե ով քանի տուն, հողամաս ու մեքենա է գնել պատերազմից հետո»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: