ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան և երկու երկրների միջև վերաթարմացված «Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը» ցույց տվեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվել Չինաստանի առաջնորդ Սի Ծին Փինի հետ հանդիպման ժամանակ ազդել Չինաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցության վրա։ Sputnik Արմենիային այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` վերլուծելով երկու գերտերությունների լիդերների` Չինաստան կատարած այցերի արդյունքները։
Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Պեկին է ժամանել մայիսի 13-ին։ Չինաստան մեկնելուց առաջ նա հայտարարել էր, որ դրական արդյունքներ է ակնկալում այդ ուղևորությունից։ Թրամփի այցից մի քանի օր անց` մայիսի 19–ին, երկօրյա պաշտոնական այցով Չինաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մայիսի 20-ին Ռուսաստանի նախագահն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում նաև բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին համատեղ հռչակագիր են ընդունել։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն այս փաստաթուղթը դիտարկում է որպես բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման մեկնարկի փաստաթղթավորում։
«ՌԴ–ն ու Չինաստանը դառնում են առանձին բևեռ, որի շուրջ աստիճանաբար համախմբվելու են բոլոր այն երկրները, որոնք չեն հանդուրժում հեգեմոնիան` Միացյալ Նահանգների գլխավորությամբ»,– կարծիք է հայտնում Բալասանյանը։
Միջազգայնագետն արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն չի բխում ԱՄՆ–ի շահերից, և չի բացառում, որ առաջիկայում ականատես ենք լինելու Թրամփի քաղաքականության կոշտացման և շահերի ավելի լուրջ բախումների` տարբեր տարածաշրջաններում։
«Այնպես որ, այս հանդիպումները ոչ թե միտված էին բեռնաթափելու համաշխարհային քաղաքականության մեջ եղած լարվածությունը, այլ, իմ համեստ կարծիքով, սա նոր լարվածության զարգացման համար հիմք է տալու և տանելու է 2 բևեռների կամ մի քանի բևեռների միջև շատ կոշտ հակամարտության»,– ենթադրում է մեր զրուցակիցը։
Չնայած քաղաքական և աշխարհաքաղաքական կոշտ առճակատման կանխատեսումներին` տնտեսական կապերը, Բալասանյանի կարծիքով, համաշխարհային բիզնեսի հիմնական խաղացողների միջև չեն դադարեցվի։
«Ուղղակի ես կարծում եմ` ժամացույցների սլաքների ուղղում կատարվեց, և ֆիքսենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը ավելի մտերմացան, ավելի ջերմացան, ինչը նշանակում է, որ ԵՄ–ին կանգնեցրեցին փաստի առաջ։ Հիմա ԵՄ–ն ստիպված է լինելու գնալ այս 2 կենտրոնների հետ հարաբերությունների կարգավորման` անգամ ի հեճուկս Միացյալ Նահանգների ցանկության, քանզի միայնակ չի կարողանալու դիմագրավել այս 2 տնտեսական հսկաների արշավներին»,– շեշտում է մասնագետը։
Հավելենք, որ Ռուսաստանի ու Չինաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 200 միլիարդ դոլարի սահմանագիծը, իսկ փոխհաշվարկները գրեթե ամբողջությամբ կատարվում են ռուբլով և յուանով։
ՌԴ նախագահի երկօրյա այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 2 տասնյակ համատեղ փաստաթուղթ են ընդունել։