Նիկոլ Փաշինյանին սուր հարցեր տված Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Դատավոր Շահվերդյանն Արթուր Օսիպյանին կալանավորեց 2 ամսով։

Փաստորեն հղմամբ տեսանյութի մեջ բռնության կոչի, քարոզարշավին խոչընդոտելու և խուլիգանության հանցակազմ չկա, իսկ Արթուրի արարքում կա»։

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։

Հիշեցնենք, որ Արաբկիրում վարչապետի քարոզչության ժամանակ Արթուր Օսիպյանը մոտեցել, հարց էր տվել Արցախի թեմայով ու արժանացել կոշտ վիրավորանքների ու բղավոցների: Ժամեր անց ոստիկանությունը նրան ձերբակալել էր, իսկ Քննչականն էլ խուլիգանություն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչ որակեց արցախցու վարքագիծն ու միջնորդեց կալանավորել:

Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ հայտարարությամբ խստորեն դատապարտել էին Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը, պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան ու դադարեցնել քրեական հետապնդումը։ Կազմակերպություններն արձանագրում են «իրավապահ մարմինների՝ դատախազության և քննչական կոմիտեի՝ ընտրովի արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների»։ «Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերևույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր և սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու, պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում», – ընդգծում են հայտարարության հեղինակները՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», Երևանի Մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիան և մյուս կազմակերպությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment