ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը վերաթարմացրել էր արհեստական բանականությամբ ստեղծված և 2023թ․ շրջանառված մի «գաղտնալսում», որով, Ռոբերտ Քոչարյանի ձայնի նմանությամբ ձայնը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Նախագահ Քոչարյանը դեռ 2023-ին արձագանքել էր՝ անվանելով էժանագին կեղծիք։ Այսօր՝ մայիսի 20-ին, Քասախում քարոզարշավից հետո լրագրողների հեըտ զրույցում Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց այդ կեղծիքի՝ նորից դաշտ նետելուն։
«Ալեն Սիմոնյանի մակարդակը բոլորս տեսնում ենք, իր դաստիարակության մակարդակը ևս տեսնում ենք։ Ես տարեկան մի քանի անգամ դուրս եմ գնում-գալիս․ եթե փախչելու հարց կա, պիտի Պուտինին դիմե՞մ: Ի՞նչ ասեմ, մարդկանց բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար համարվում է, որ վարակից չէ, բայց տվյալ դեպքում ոնցոր վիրուսային բան կա․ իրար հետ շփվում են, իրար փոխանցում: Դա արհեստական բանականությամբ ստեղծած նյութ է: Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, չի եղել ընդհանրապես։ Իրենք եթե չգիտեն, ես ուղղակի կարող եմ ասել՝ Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում, չկա այդպիսի բան»։
Հարցին, թե՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես վարչապետ՝ երաշխավորում է, որ ձայնագրությունը իրական է, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Գիտեմ, ինքը և՛ խոզ խանձող է, և՛ ամեն ինչի փորձագետ է, և՛ մսով ճաշ էփող է, և ամեն ինչ ա ինքը։ Եթե նաև ինքը դրա փորձագետն է, ի՞նչ ասեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։