«Ակցիան սահմանափակմանն ուղղված ոստիկանական ծառայողների գործողությունները չեն եղել օրինական և համաչափ». «Ականատես» դիտորդական առաքելություն

Խաղաղ հավաքների ազատության խոչընդոտում

 2026 թվականի մայիսի 20-ին, Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը անցկացրել է, ըստ էության, նախընտրական քարոզչության մաս կազմող ակցիա։ Ոստիկանությունը, ըստ հրապարակված տվյալների, Կառավարության աշխատանքը / շենքի ելումուտը խոչընդոտելու պատճառաբանությամբ, նախ առաջարկել է հավաքի վայրը տեղափոխել դիմացի մայթ՝ շատրվանների մոտ, ապա առգրավել է ակցիայի համար նախատեսված գոլային դարպասը՝ այդկերպ սահմանափակելով ակցիայի իրականացումը։

«Ականատեսի» դիտարկմամբ ակցիան կրել է խաղաղ բնույթ և առերևույթ չի խոչընդոտել կառավարության շենքի ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև անհամաչափորեն չի սահմանափակել այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը։

Հարկ է ընդգծել նաև, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 100 մասնակից ունեցող հավաքների անցկացման համար իրազեկում չի պահանջվում. հետևաբար՝ Ոստիկանության կողմից իրազեկման բացակայության վկայակոչումն իրավական առումով նույնպես հիմնավորված չէ։

Հարկ ենք համարում արձանագրել, որ նույնիսկ այն պարագայում, եթե Ոստիկանության ծառայողները գտել են, որ ակցիան կարող է խոչընդոտել Կառավարության շենքի ազատ մուտքն ու ելքը կամ անհամաչափ սահմանափակել այլ անձանց հիմնարար իրավունքները, հաշվի առնելով ակցիայի անցկացման տարածքի չափերը, ակնհայտորեն առկա էր հնարավորություն իրենց իսկ ծառայությունը կազմակերպել, ինչպես նաև հավաքի մասնակիցներին առաջարկել ակցիան նույն վայրում կազմակերպել այնկերպ, որպեսզի միաժամանակ ապահովվի ինչպես ակցիայի խաղաղ և բնականոն ընթացքը, այնպես էլ՝ Կառավարության շենքի ազատ մուտքն ու ելքն ու այլ անձանց հիմնարար իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։

«Ականատես» դիտորդական առաքելության դիտարկմամբ ակցիան սահմանափակմանն ուղղված ոստիկանական ծառայողների գործողությունները չեն եղել օրինական և համաչափ, ինչպես նաև չեն հետապնդել իրավաչափ նպատակ։

 

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment