ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

20.05.2026 | 22:49

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է անվտանգային խնդիրներից, նոյեմբերի 9-ի փաստաթղթից և Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Նա ընդգծել է, որ բակային հանդիպումների ժամանակ ժողովրդին ամենաշատը մտահոգում է անվտանգության ապահովման և խաղաղության հարատևության հարցը։

Արամ Սարգսյանը նշել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված խաղաղությունը չգործեց, և Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները․

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց Մոսկվայում՝ Պուտինի հովանավորության ներքո… Բայց այդ մարդիկ որևէ անգամ չասացին, որ այն խաղաղությունը, որ ստորագրվել էր Ռուսաստանում, չաշխատեց, և 2021, 2022 և 2023 թվականներին արդեն ռուս խաղաղապահների ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները դուրս մղվեցին Լեռնային Ղարաբաղից»։

Նա մեղադրել է Ռուսաստանին՝ Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին միջամտելու փորձերի համար․
«Այդ կորստով այսօր Ռուսաստանը փորձում է Հայաստանի ներսում գտնվող ռուսական ազդեցության տարբեր թևերով խնդիրներ լուծել, որպեսզի հետ վերադարձնի իր ազդեցությունը… որպեսզի այս անգամ Հայաստանի 5-րդ շարասյան միջոցով որոշակի խժդժություններ ստեղծի»։

Խոսելով ապագա ընտրությունների և կառավարման հնարավորությունների մասին՝ Սարգսյանն ընդգծել է, որ իրենք պատրաստ են համագործակցել գործող իշխանությունների հետ՝ հանուն երկրի ինքնիշխանության պահպանման.
«Եթե Ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիր առաջանա կոալիցիա կազմելու… մենք կոալիցիա կկազմենք գործող իշխանության հետ՝ թույլ չտալու համար, որպեսզի ռուսահպատակ, դրսից շարժվող, անընդհատ ներքին հրահրումներ անող, խաղաղության դեմ հանդես եկող այսօրվա ընդդիմությունը վերադառնա իշխանություն»։

Եզրափակելով իր խոսքը՝ Արամ Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և իրենց քվեն տալ «Հանրապետություն» կուսակցությանը՝ Հայաստանում հավասարակշռված և ինքնիշխան որոշումներ կայացնելու համար։

Leave a comment