Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 20-ին Գառնիում մասնակցել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությանը։


 


Մայիսի 19-23-ը Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը, որին մասնակցելու համար 65 երկրից Հայաստան է ժամանել շուրջ 400 գինու փորձագետ՝ լրագրողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։ 


 


 


Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ հնագույն ակունքներից սկիզբ առնելով՝ Հայաստանի գինեգործության ոլորտն այսօր ապրում է իրական վերածնունդ, և վերջին տասնամյակի ընթացքում ավանդույթը վերածվել է ժամանակակից և հեռանկարային ոլորտի, որը հիմնված է կայուն զարգացման, նորարարության, բարձր որակի և միջազգային համագործակցության սկզբունքների վրա։ 


 


Գինեգործության ոլորտի խոշորագույն այս միջոցառումը, որն ունի ավելի քան 30 տարվա պատմություն անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և Չինաստանում։ 


 


Այս տարի այն առաջին անգամ անց է կացվում մեր տարածաշրջանում՝ ներկայացնելով Հայաստանը որպես գինեգործության հնագույն բնօրրան և միաժամանակ նորարարական գինեգործական երկիր։


 


Միջոցառման շրջանակներում հյուրերը կայցելեն Հայաստանի գինեգործական հիմնական շրջաններ՝ Վայոց ձոր, Արմավիր, Արագածոտն և Տավուշ։


 


 


Այցերի ընթացքում նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին, խաղողի տեղական սորտերին և ժամանակակից գինեգործական մշակույթին։ 


 


Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մասնակցությամբ մեդիատուր։


 


Մայիսի 23-ին, համտես-մրցույթի վերջին օրը կհայտարարվի մրցույթը հյուրընկալող հաջորդ երկրի անունը, որը մինչ այդ պահը գաղտնի է պահվում։ 

Leave a comment