Եվրոպայի խորհրդի 2025 թվականի բանտարկյալների թվի վերաբերյալ տարեկան քրեական վիճակագրությունը՝ SPACE I տարեկան զեկույցը փաստել է, որ Հայաստանի բանտային համակարգում արձանագրվել է բանտարկությունների աճ։
Զեկույցի համաձայն՝ 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվարը բանտարկության մակարդակի զգալի աճ է արձանագրվել 13 բանտային համակարգերում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ աճը կազմել է 5․8 տոկոս։ Ամենաբարձր աճը գրանցվել է Թուրքիայում (+29%), Չեռնոգորիայում (+22%) և Լյուքսեմբուրգում (+20%), հայտնում է Factor.am-ը:
Զեկույցում նշվել է նաև, որ Եվրոպայում յուրաքանչյուր չորս բանտարկյալից մեկը գտնվել է նախնական կալանքի տակ։ Նման կալանավորների ամենաբարձր համամասնությունը գրանցվել է Ալբանիայում, Չեռնոգորիայում, Հայաստանում, Շվեյցարիայում և Նիդերլանդներում։ Հայաստանում նախնական կալանքի տակ գտնվողների մասնաբաժինը կազմել է 52 տոկոս։
Եվրոպական բազմաթիվ երկրներ շարունակում են բախվել բանտերի գերբնակեցման խնդրին։ Եվրոպայում կալանավորների թիվը 100 հասանելի տեղի հաշվով 2024 թվականի հունվարի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը աճել է՝ 94.7-ից հասնելով 95.2-ի։
Խիստ գերբնակեցման մասին հայտնել են մի շարք երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան և Ֆրանսիան, որտեղ արձանագրվել է 131 կալանավոր՝ յուրաքանչյուր 100 տեղի հաշվով։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև Խորվաթիայում, Իտալիայում, Մալթայում, Կիպրոսում, Հունգարիայում, Բելգիայում և Իռլանդիայում։
2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 51 բանտային համակարգերում կալանավորված է եղել 1,107,921 անձ, ինչը կազմել է յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով միջինում 110 կալանավոր։
Բանտարկության մակարդակի նվազում արձանագրվել է միայն հինգ երկրներում՝ Ուկրաինայում, Սլովակիայում, Վրաստանում, Էստոնիայում և Լեհաստանում։
Ամենաբարձր բանտարկության մակարդակ ունեցող երկրների շարքում նշվել են Թուրքիան, Ադրբեջանը, Մոլդովան, Վրաստանը, Հունգարիան և Չեռնոգորիան։
Կանանց մասնաբաժինը բանտարկյալների շրջանում Եվրոպայում աճել է 4․8 տոկոսից մինչև 5․2 տոկոս։ Կանանց ամենացածր համամասնություններից մեկը գրանցվել է Հայաստանում՝ 2․6 տոկոս։
PanARMENIAN.Net