Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 խոշոր բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 3-4-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 խոշոր բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը։
Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Silicon Mountains-ն արդեն մի քանի տարի անընդմեջ անցկացվում է Հայաստանում՝ միավորելով հայ մասնագետներին ու միջազգային փորձագետներին, ինչպես նաև հանդես գալով որպես հարթակ պրոֆեսիոնալ երկխոսության, ֆորումների և ոլորտային հանդիպումների համար։
«2026 թվականը նույնպես բացառություն չէր։ Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության մեր գործընկերներն այս տարի նույնպես նախատեսում են անցկացնել Silicon Mountains-ը։ Քննարկումների արդյունքում միտք հղացավ միջոցառումը կազմակերպել երկու փուլով՝ հունիսին և նոյեմբերին»,- ասել է Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ հունիսի սկզբին կկայանա Հայաստանում մշակված և արտադրված ինժեներական պրոդուկտի ցուցահանդեսը։ Միջոցառման շրջանակում կներկայացվեն հայկական ընկերությունների ձեռքբերումները, ինչպես նաև կանցկացվեն ֆորում և պանելային քննարկումներ։
Հայրապետյանը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորում է ցուցահանդեսի և ֆորումի անցկացումը մոտ 60 մլն դրամի չափով։
«Սա կարևոր է կառավարության համար, քանի որ վերջին տարիներին շատ է խոսվել տարածաշրջանում որպես տեխնոլոգիական երկիր Հայաստանի դիրքերն ամրապնդելու կարողության մասին։ Մեր ձեռքբերումները բարձր են գնահատվում և ողջունվում։ Ժամանակն է տեխնոլոգիական ծառայություններ մատուցող երկրից տրանսֆորմացվել մի երկրի, որը մշակում, արտադրում և արտահանում է սեփական պրոդուկտը»,- ընդգծել է Հայրապետյանը։
Նախարարը սա անվանել է Հայաստանի տեխնոլոգիական հզորացման ռազմավարական տեսլական և նշել, որ կառավարությունը նպատակահարմար է համարել աջակցել նախաձեռնությանը, քանի որ ինժեներական ուղղության զարգացումն ունի առաջնահերթ նշանակություն։
Խոսելով ինժեներական պրոդուկտի մասին՝ գերատեսչության ղեկավարն առանձնացրել է պաշտպանական արդյունաբերության ոլորտը, որտեղ, նրա խոսքով, վերջին տարիներին շոշափելի առաջընթաց է արձանագրվել։ Նա սա կապել է այս ուղղությունը ռազմավարական ճանաչելու և համապատասխան պետական քաղաքականության իրականացման հետ։
Հայրապետյանը նաև նշել է, որ 2023–2025 թթ. եռամյա ծրագրի ավարտից հետո ժամանակն է ձևավորել նոր հարթակներ, որտեղ պաշտպանական արդյունաբերության և ինժեներական ընկերությունների մասնագետները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը, դուրս գալ նոր շուկաներ և զարգացնել արտահանման ներուժը։
«Սա կդառնա հարթակ B2B հանդիպումների համար։ Ֆորումի շրջանակում մենք ակնկալում ենք նաև բարձրացնել ինժեներական ուղղության գրավչությունը և մոտիվացնել նոր սերնդին՝ ընտրելու այս ոլորտը որպես մասնագիտություն և աշխատաշուկայի հեռանկարային ուղղություն, որտեղ կարելի է ինքնադրսևորվել և հավելյալ արժեք ստեղծել երկրի տնտեսության համար»,- ասել է նա։
Գագաթնաժողովից դեպի մասշտաբային հարթակ
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշել է, որ անցկացման տարիների ընթացքում Silicon Mountains-ը համեմատաբար փոքր նախագծից վերաճել է տեսանելի տեխնոլոգիական հարթակի, որը միավորում է ոլորտի խոշոր խաղացողներին և հետաքրքիր բանախոսներին։
«Մենք մտածեցինք կոնցեպտուալ առումով հետաքրքիր ցուցահանդես ստեղծելու մասին։ Այն կանցկացվի ոչ միայն հունիսի 3–4-ը, այլև նոյեմբերի 3–4-ը։ RISE հայեցակարգը, որը կներկայացվի հունիսին, եզակի է։ Այն ներառում է ոչ միայն պաշտպանական արդյունաբերությունը, այլև ինժեներիայի, նորարարությունների և կիբեռանվտանգության վերջին ձեռքբերումները։ Այս ամենը միավորելով՝ մենք ցանկանում ենք ակնհայտորեն ցույց տալ, թե ինչումն է կայանում հայկական ինժեներական միտքը»,- ասել է Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական արդյունաբերության մեջ վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել, և միջոցառման նպատակներից մեկն այդ փոփոխությունները լայն լսարանին ներկայացնելն է։ Զուգահեռաբար կանցկացվի ֆորում երեք հիմնական ուղղություններով՝ պաշտպանական արդյունաբերություն, ինժեներական լուծումներ և մարտահրավերներ կիբեռանվտանգության ոլորտում։
Բիզնեսի մասնակցությունը
«Քանի որ միջոցառումը նվիրված է հայրենական արտադրանքին, բանախոսներն ընտրվել են տեղական ընկերությունների ներկայացուցիչների թվից։ Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 40 ընկերություններ։ Կներգրավվեն նաև երիտասարդության ներկայացուցիչներ, իսկ հարթակում կանցկացվեն սիմուլյացիոն միջոցառումներ և ուսուցողական դասընթացներ»,— հայտնել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրենը։
Նա հավելել է, որ ցուցահանդեսի շրջանակում կգործի հատուկ B2B գոտի՝ գործարար հանդիպումների համար։ Նրա խնդիրն է՝ նպաստել ձեռքբերումների ցուցադրմանը, նոր գործարար կապերի զարգացմանը և գործընկերության ամրապնդմանը։
Տնտեսության լոկոմոտիվը
ՏՀՏ ԳՄ նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը հայտարարել է, որ վերջին ութ տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում դարձել է ոչ թե պարզապես առանձին ճյուղ, այլ տնտեսության դրայվերներից մեկը և պաշտպանական արդյունաբերության զարգացման կարևոր տարր։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ոլորտին անհրաժեշտ է մեծ համակարգվածություն։
«Ուրախալի է նշել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է շատ դինամիկ՝ դրական և պրոգրեսիվ հունով։ RISE ֆորումի հայեցակարգն այն է, որ Հայաստանում կան ուժեղ տեխնոլոգիական թիմեր, որոնք մինչ այժմ աշխատել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գլոբալ շուկայի և միջազգային արդյունաբերության համար։ Խոսքը վերաբերում է ինչպես խոշոր ընկերություններին և R&D գրասենյակներին, այնպես էլ հայկական փոքր ստարտափներին։ Սակայն այդ աշխատանքի արդյունքները նշանակալիորեն ծառայել են համաշխարհային տնտեսությանը»,- նշել է Բալդրյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակներից մեկը լիարժեք հայկական տեխնոլոգիական պրոդուկտի ձևավորմանը նպաստելն է։
«Այս ճանապարհին մենք այլընտրանք չունենք. հայկական ընկերությունները պետք է ավելի ակտիվ համագործակցեն միմյանց հետ և, համատեղելով ջանքերը, Հայաստանը վերածեն լուրջ արտահանող երկրի»,- ասել է նա։
Բալդրյանն ընդգծել է, որ RISE ֆորումը պետք է կարևոր դեր խաղա այս գործընթացում՝ օգնելով ընկերություններին գտնել շփման եզրեր նորարարությունների, գիտության, գիտահետազոտական մշակումների և ինժեներիայի ոլորտներում։
«Սա Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման հիմնական ուղիներից մեկն է, և այն պետք է ընդգրկի տարբեր ճյուղեր»,- եզրափակել է ՏՀՏ ԳՄ նախագահը։
Ցուցահանդեսի մասին
RISE Powered by Silicon Mountains 2026-ը կազմակերպվում է Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության (UEICT) կողմից, որը հիմնադրվել է 2015 թվականին: Միությունը միավորում է ավելի քան 130 ընկերություն, որոնք աշխատանքի են վերցնում ավելի քան 30,000 մարդու:
RISE նշանակում է հետազոտություն, նորարարություն, գիտություն և ճարտարագիտություն: Silicon Mountains RISE-ը առաջին անգամ անցկացվում է 2026 թվականին՝ որպես Silicon Mountains գագաթնաժողովների շարքի գարնանային ընդլայնում: Միջոցառումը նվիրված է հայկական ընկերությունների, հետազոտական կենտրոնների և թիմերի բարձր տեխնոլոգիական արտադրանքի, նորարարական լուծումների, գիտական մշակումների և ճարտարագիտական նախագծերի ներկայացմանը:
UEICT-ն ամենամյա Silicon Mountains Tech Summit-ը անցկացնում է 2019 թվականից: Ըստ ազմակերպիչների` այդ ժամանակվանից ի վեր միջոցառումներին մասնակցել է ավելի քան 100 խոսնակ և ավելի քան 6000 մասնակից: 2024 թվականին ֆորումն առաջին անգամ անցկացվել է Երևանից դուրս՝ Շիրակում, իսկ 2025 թվականին՝ Լոռու մարզի COAF SMART կենտրոնում: