Սի Ծինփինը կրկին մերժել է Պուտինին ռուսական գազի նոր պայմանագրի հարցում

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր 5-րդ անգամ (իսկ ընդհանուր առմամբ՝ իր նախագահության ընթացքում արդեն 25-րդ անգամ) Չինաստան մեկնած Վլադիմիր Պուտինին կրկին չի հաջողվել համաձայնագիր կնքել Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող «Սիբիրի հզորություն-2» գազատարի կառուցման շուրջ։

Այս նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են ավելի քան 10 տարի և նախատեսում են դեպի ՉԺՀ գազի մատակարարումների ավելացում տարեկան մինչև 100 միլիարդ խորանարդ մետր։ Սակայն Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցություններից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեռևս մնացել են չհամաձայնեցված «նրբություններ»։

«Որոշ նրբություններ դեռ պետք է համաձայնեցվեն», — ասել է Պեսկովը՝ հավելելով, որ համաձայնեցված են «ըմբռնման հիմնական պարամետրերն» ու ապագա խողովակաշարի երթուղին, սակայն նախագծի իրականացման հստակ ժամկետների վերաբերյալ դեռևս չկան որոշակի պայմանավորվածություններ։

«Առայժմ հստակ ժամկետներ չկան։ Ի վերջո, սա կոմերցիոն տեղեկատվություն է։ Բայց սա արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է», — Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Պուտինն իր հետ Պեկին էր տարել բազմամարդ պատվիրակություն, որի կազմում էին 5 փոխվարչապետներ, 8 նախարարներ և խոշորագույն պետական ընկերությունների, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի ղեկավարները։ Այցի ընթացքում նա խոսել է ռուս-չինական համագործակցության «անսահմանափակ հեռանկարների» մասին և խոստացել է «անխափան» կերպով նավթ, ածուխ ու գազ արտահանել Չինաստան։

Բանակցությունների արդյունքում Մոսկվան և Պեկինը ստորագրել են 40 փաստաթուղթ։ Սակայն, Կրեմլի հրապարակած ցանկի համաձայն, դրանցից և ոչ մեկում չի հիշատակվում ոչ «Սիբիրի հզորություն-2»-ը, և ոչ էլ նավթագազային ոլորտում համագործակցությունը։

Եվրոպական շուկան կորցրած և դրա պատճառով ծանր կացության մեջ հայտնված «Գազպրոմ»-ի համար կենսական նշանակություն ունեցող այս նոր գազատարի գլխավոր արգելքը շարունակում է մնալ գազի գինը։ Ինչպես ավելի վաղ Financial Times-ին հայտնել էր իրավիճակին ծանոթ աղբյուրը, Չինաստանը պահանջում է գինն իջեցնել մինչև ռուսաստանյան ներքին շուկայի մակարդակին։ Իսկ դա մեկ խորանարդ մետրի համար կազմում է մոտ 50 դոլար, ինչը 5 անգամ ցածր է նրանից, ինչ Պեկինը վճարում է հիմա (258 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար), և 8,5 անգամ պակաս, քան հեռավոր արտասահմանի այլ հաճախորդների համար սահմանված «Գազպրոմ»-ի գները (420 դոլար)։

Բացի այդ, FT-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Չինաստանը մտահոգված է, որ գազի պահանջարկը հնարավոր է արդեն հասել է իր գագաթնակետին, և այդ պատճառով կասկածում է գազի գնման լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու նպատակահարմարությանը։

Այժմ Չինաստանը Ռուսաստանից տարեկան գնում է 38 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է դեպի հեռավոր արտասահման «Գազպրոմ»-ի արտահանման կեսը (իսկ ընդհանուր արտահանումը դեռևս գտնվում է 1980-ականների վերջից ի վեր ամենացածր մակարդակներին մոտ): Մինչև տասնամյակի վերջ ՌԴ կառավարությունն ակնկալում է դեպի Չինաստան մատակարարումներն ավելացնել 47%-ով՝ հասցնելով այն տարեկան 56 միլիարդ խորանարդ մետրի։ Լրացուցիչ գազը կմատակարարվի հեռավորարևելյան երթուղով (12 միլիարդ խորանարդ մետր) և «Սիբիրի հզորություն-1»-ի թողունակության ընդլայնման հաշվին (6 միլիարդ խորանարդ մետր)։

News.am

Leave a comment