Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել

Քաղաքականություն

20.05.2026 | 16:01

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, թե երբ կարող են երկրում տեղի ունենալ նախագահական ընտրությունները։ Այս մասին հաղորդում է Апостроф-ը։

Մայիսի 20-ին լրանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնավարման 7 տարին։ Նրա լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր երկու տարի առաջ՝ 2024 թվականի մայիսի 20-ին։ Սակայն Ուկրաինայում ռազմական դրության պատճառով ընտրություններ չեն կարող անցկացվել, և Զելենսկին շարունակում է զբաղեցնել նախագահի պաշտոնը։

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ 2026 թվականին ընտրություններ հաստատ չեն սպասվում։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2027 թվականի գարնանը, հավելել է նա։

«Սա հնարավոր է միայն մշտական ​​հրադադարից երեք ամիս անց։ Բայց դա տեղի կունենա միայն Պուտինի վրա համակարգային ճնշման դեպքում»,- նշել  է Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, այս տարի չի ավարտվի, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ իր համար Մերձավոր Արևելքում «հնարավորությունների պատուհան» է բացվել։

Պոդոլյակը նշել է, որ միակ ուժը, որը Ռուսաստանը ներկայում հասկանում է, իր արտահանման արդյունաբերության ոչնչացումն է։ Եթե նման հզորությունների մոտավորապես 50%-ը ոչնչացվի, Ռուսաստանն ինքը կսկսի լուծում փնտրել՝ ճակատային գծում պատերազմը դադարեցնելու համար, հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment