Գնումների արդյունավետությանն ու թափանցիկությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովում


ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ նախատեսվում է բարձրացնել գնումների արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խթանել մրցակցային միջավայրը և ապահովել նոր մեխանիզմների փորձարկման հնարավորություն:


ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մանրամասն ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Մասնավորապես՝ տրվել են դրամաշնորհի, շրջանակային համաձայնագրի, հանրային հսկողության, արհեստական բանականության հստակ սահմանումները: Սահմանվել են մրցակցային ընթացակարգը, նախաորակավորման, որակավորման և որակի չափանիշների գնահատումը: Գնման առարկայի ֆունկցիոնալ բնութագրմանը տրվել է ավելի ճկուն ձևակերպում: Հստակեցվել են ապրանքային նշանների հղումների կիրառման դեպքերը: Սահմանվել են նաև նոր՝ մեկ անձից գնում իրականացնելու պայմանները:


Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բարելավել և արդիականացնել գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն և մրցակցային միջավայր:


Ավագ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների, լրացումների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ առաջարկվող կարգավորումները քննարկվել են շահառու տնտեսավարողների լայն շրջանակի  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Դիտումների քանակ5

Leave a comment