15:43 20.05.2026 (Թարմացված է: 15:48 20.05.2026)
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանի աջակիցները ԱԱԾ–ի մոտ են եկել պաստառներով։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի աջակիցները հավաքվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ` սրբազանի ծննդյան 55–ամյակը շնորհավորելու։
Նրանք քայլերթով հասան Սուրբ Աննա եկեղեցի, այնուհետև վերադարձան ԱԱԾ-ի մոտ, որտեղ պաստառներով և «Լույսը հաղթելու է խավարին» վանկարկումներով շնորհավորում են արքեպիսկոպոսի ծննդյան 55–ամյակը։ Նրանք իրենց հետ նաև տորթ ու նամակներ են բերել։
Ակցիային միացել են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց փաստաբանները, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և այլք։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսին «Սրբազան պայքարի» ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ հրապարակեց, որոնցում լսվում է նաև Բագրատ սրբազանի ձայնը. «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը։ Գնդակահարում ես, ընտանիքներին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն»։ Օգոստոսի 11–ին Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը ներկայացրեց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակը։