Նոր կարգավորումներ են սահմանվում՝ ուղղված ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Նոր կարգավորումներ են սահմանվում՝ ուղղված ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանը։
«2025 թվականի ապրիլից ՀՀ-ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների, մասնավորապես թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը Եվրոպական միության երկրներ արտահանելու համար», –ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը` ներկայացնելով համապատասխան օրենքներում փոփոխությունների նախագիծը։
Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները, Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու դեպքում, պետք է հայտ ներկայացնեն Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար:
Օրենքների նախագծերով վերոնշյալ համակարգում գրանցման լիազոր մարմին է սահմանվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ):
Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է տեսչական մարմնին: Ստուգման և ԵՄ կանոնակարգերով հաստատված պահանջներին համապատասխանելու դեպքում՝ ՍԱՏՄ-ն տնտեսավարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում և ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ելնելով որոշակիության սկզբունքից՝ իրավական ակտերը, նաև Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դարձնելու նպատակով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր:
Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվեն Եվրոպական միության կանոնակարգերի պահանջները:
Դա երաշխիք կլինի միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու հարցում:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: