Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) շվեյցարական Ալպերում անցկացված Davos Communications Awards 2026 հեղինակավոր մրցանակաբաշխությանը հայկական պատվիրակությունը գրանցել է կարևոր հաջողություն։ SPRING PR և «Ֆլեշ» ընկերության համատեղ «Flash 3.0․ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ» արշավն արժանացել է ամենամրցակցային «Լավագույն PR արշավ» (Best Public Relations Campaign) անվանակարգի արծաթե մրցանակին։
Միջազգային ժյուրին բարձր է գնահատել հայկական արշավի ռազմավարական մոտեցումը, որը հաջողությամբ համադրել է թեթև, ստեղծարար և ազդեցիկ հաղորդակցությունն ավանդաբար ավելի ցածր հաղորդակցային ակտիվություն ունեցող ոլորտում։
«Հաղորդակցության միջազգային ասպարեզում Հայաստանի աճող դերն իսկապես տպավորիչ է։ Տարիների ընթացքում Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայում մենք ականատես ենք եղել Հայաստանում ստեղծվող պրոֆեսիոնալ, հավակնոտ և ստեղծարար նախագծերի, և SPRING PR-ը այդ առաջընթացի լավագույն օրինակներից է։ Որպես WCFA-ի ակտիվ կորպորատիվ անդամ՝ SPRING PR-ը մեր գլոբալ համայնք է բերում նոր էներգիա ու թարմ գաղափարներ։ Իսկ «Flash 3.0»-ի նման արշավները վկայում են, որ հայաստանյան ընկերությունները ստեղծում են միջազգային ճանաչման և ուշադրության արժանի աշխատանքներ»։
2025-ին՝ իր 30-ամյակի տարում, «Ֆլեշ» ընկերությունն ազդարարեց Flash 3.0 հայեցակարգի մեկնարկի մասին, որը բնորոշում է ընկերության անցած ճանապարհը․ 1.0-ն որպես սկիզբ, 2.0-ն որպես զարգացում և ընդլայնում, 3.0-ն՝ նոր հնարավորություններ ու մոտեցումներ և ժամանակակից սպառողի պահանջներին համապատասխան ծառայություններ։
«Այս մրցանակը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում ստեղծվող արշավները մրցունակ են միջազգային ամենաբարձր հարթակներում։ «Flash 3.0»-ն պատմություն է տասնամյակների վստահության և վերափոխման մասին։ Դավոսյան հարթակում ստացած մեդալը մեր թիմի և «Ֆլեշ»-ի արդյունավետ համագործակցության գնահատականն է․ համագործակցություն, որը տեխնոլոգիական լուծումները ներդաշնակորեն համադրում է մարդկային արժեքների հետ», – նշել է SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։
«Ֆլեշ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին՝ երկրի համար ամենաբարդ սոցիալ-տնտեսական պայմաններում։ Այսօր այն վառելիքի պարզ մատակարարից վերածվել է ճանապարհային ենթակառուցվածքներ սպասարկող էկոհամակարգի՝ Express Shop խանութ-սրահներով և Express Charge էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններով։
«Մեր ընկերության 30-ամյա պատմությունը սկիզբ է առել դժվարին ժամանակներում՝ սեփական երկրին օգտակար լինելու տեսլականով։ «Flash 3.0»-ն մեր նոր սկիզբն է, որտեղ մենք ներկայանում ենք ավելի մեծ էներգիայով ու նորարար լուծումներով։ Միջազգային այս ճանաչումը ոգևորիչ է հատկապես հիմա, երբ պատրաստվում ենք Հայաստանի ողջ տարածքում ներկայացնել մեր լցակայանների բոլորովին նոր և բացառիկ կոնցեպտները», – ասել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը։
2025 թվականի ընթացքում իրականացված արշավը ներառում էր ընկերության՝ մանուշակագույնի նոր երանգներով ռեբրենդինգի հաղորդակցությունները, լայնածավալ միջոցառումներ և նորարարական Flash Mobile հավելվածի թողարկումը։ Արշավի հաջողության գրավականներից էր ստեղծարար մոտեցումը, ներառյալ ինֆլուենսերների հետ աշխատանքն ու ֆիրմային հոթդոգների՝ հոթսթերների համար բրենդային «մանուշակագույն սոուսի» ստեղծումը, ինչն օգնեց «Ֆլեշ»-ին ունենալ հասանելիություն նաև երիտասարդ լսարանին (Gen Z)։
***
Ապրիլի 23-24-ին Davos Communications Summit-ը համախմբել էր ավելի քան 25 երկրի հաղորդակցության ոլորտի առաջնորդներին, փորձագետներին և Gen Z-ի ներկայացուցիչներին Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ասիայից և Աֆրիկայից: Նրանք քննարկել են ոլորտային մարտահրավերները, այդ թվում՝ արհեստական բանականությանը, ճգնաժամային կառավարմանը, էթիկային և առաջնորդությանը վերաբերող թեմաներ։ Հանդիպման հիմնական ուղերձը հստակ էր. արհեստական բանականությամբ և տեղեկատվության արագ հոսքերով ձևավորված այս դարաշրջանում հաղորդակցության ապագան կորոշեն վստահությունը, ճշմարտացի և էթիկական հաղորդակցություններն ու մարդկային խորաթափանցությունը։