ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիսի ընթացքում պարզաբանել է, որ ՀՀ-ից արտահանված ռազմական արտադրանքի գործարքների վերաբերյալ կոնկրետ տվյալները՝ զինատեսակները, ուղղությունները և ֆինանսական ծավալները, կհրապարակվեն, երբ դրա շուրջ կլինի բոլոր կողմերի համաձայնությունը։
Հիշեցնենք՝ Մխիթար Հայրապետյանը օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել երկու երկիր:
«Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, և այդ կանոնների պահպանումն է նաև նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքների։ Իսկ ապագա նոր գործարքներ ևս լինելու են։ Ես պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ավելի շատ քանակի ընկերություններ արդեն ունեն ավելի շատ քանակի երկրներ արտահանելու թույլտվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ դրանք առնվազն գործընթացի փուլում են, քան որ ես հայտարարեցի, որ երկու երկրներ արտահանվել են»,- այսօր ասել է նա, հավելելով, որ խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքների մասին է, որոնք արդեն իրականություն են։