ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանն առնչվող կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ


2025 թվականի ապրիլից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների, մասնավորապես թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանելու Եվրոպական միության երկրներ: Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն` ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսվարողները Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք է հայտ ներկայացնեն` Եվրոպական միության Առևտրի  վերահսկման և փորձագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար: Օրենքների նախագծերով վերոնշյալ համակարգում գրանցման լիազոր մարմին է սահմանվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ): Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է տեսչական մարմնին, ստուգման և ԵՄ կանոնակարգերով հաստատված պահանջներին համապատասխանելու դեպքում ՍԱՏՄ-ն տնտեսվարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում և ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:


Վերոնշյալ կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:


ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ելնելով որոշակիության սկզբունքից՝ իրավական ակտերը, նաև Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դարձնելու նպատակով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր:


Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել և ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվեն Եվրոպական միության կանոնակարգերի պահանջները: Դա երաշխիք կլինի միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու հարցում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Դիտումների քանակ3

Leave a comment