Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ երկքաղաքացի է եղել ՀՀ Սահմանադրության խախտմամբ (բացառիկ փաստաթղթեր)

«Փաստերի ստուգման հարթակը» «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշ տվյալների է տիրապետում, որոնք անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հանրությանը։ 

Այդ փաստաթղթերը ներկայացնում են գործարար Սամվել Սարգսի Կարապետյանի վերաբերյալ հավաքագրված համապարփակ տվյալներ, որոնք ընդգրկում են նրա մասնագիտական գործունեությունը Ռուսաստանում։ 

Այս փաստաթղթերում տեղեկություններ են նրա բիզնես կայսրության՝ ընկերությունների հիմնադրման, սեփականության մասնաբաժինների և ղեկավարման մասին։ Բացի այդ, աղբյուրները մանրամասնում են նրա գույքային կարգավիճակը, այդ թվում՝ անշարժ գույքը Մոսկվայում, թանկարժեք գնումների պատմությունը և բանկային ավանդները։ 

Փաստաթղթերում առկա են նաև այլ տվյալներ, որոնց համադրել ենք մեր ունեցած տեղեկությունների հետ:  

Խմբագրությունը չի հրապարակում ստացված որոշ այլ տվյալներ՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության էթիկայի կանոնները։ Մեր կողմից հրապարակվում են միայն այն տեղեկությունները, որոնք խմբագրության գնահատմամբ ունեն էական հանրային նշանակություն: Հանրային շահը տվյալ դեպքում պայմանավորված է ոչ թե Սամվել Կարապետյանի անձնական կյանքի նկատմամբ հետաքրքրվածությամբ, այլ նրա՝ որպես խոշոր գործարարի և քաղաքական գործընթացներում ներգրավված հանրային ազդեցություն ունեցող անձի իրավական կարգավիճակով։ 

Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության արգելքը մինչև 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները և 2007 թվականի օրենսդրական բարեփոխումները եղել են սահմանադրաիրավական կարևոր սահմանափակում, ուստի հանրային նշանակություն ունի պարզել՝ արդյոք տվյալ ժամանակահատվածում հանրային դերակատար հանդիսացող անձը գտնվել է այդ կարգավորման հետ հնարավոր հակասության պայմաններում։ Հրապարակման նպատակը ոչ թե անձնական կյանքի մանրամասների բացահայտումն է, այլ հանրային նշանակություն ունեցող իրավական և քաղաքական հանգամանքների լուսաբանումը՝ հիմնված խմբագրության կողմից ուսումնասիրված փաստաթղթերի և տվյալների վրա։

ՌԴ քաղաքացիությունը՝ անհամատեղելի ՀՀ քաղաքացիության հետ

Այդ փաստաթղթերում FIP.am-ի ուշադրությունը գրավեց Սամվել Կարապետյանի քաղաքացիության հարցը․ դրանցում նա հետևողականորեն ներկայացված է որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Սակայն ե՞րբ է նա դարձել ՌԴ քաղաքացի։

Փաստաթղթերում կան նշումներ Սամվել Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիության ընդունման (ПРИНЯТО ГР-ВО РФ) մասին, որոնք թվագրվում են 1993 և 1996 թվականներով։

Նախ նկատենք, ըստ այդ փաստաթղթերի, Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացիություն ստանում է 1993 թվականի մայիսին։

Իսկ հետո, արդեն սեպտեմբերին, սկսում է ձևակերպել ՌԴ քաղաքացիություն և ստանում ՏԴ արտասահմանյան անձնագիր։ Մասնավորապես, Կալուգայի շրջանի արտասահմանյան անձնագրերի տվյալների բազայում (ФЛ ЗАГРАНПАСПОРТА) առկա է մի գրառում, ըստ որի՝ 10.09.1993թ․ նրան տրվել է արտասահմանյան անձնագիր։ Հատկանշական է, որ այս գրառման մեջ «Աշխատավայր» (Место работы) դաշտում նշված է վարչական նշում՝ «ПРИНЯТО ГР-ВО РФ», հայերեն՝ «ընդունվել է ՌԴ քաղաքացիություն»։ Սա հուշում է, որ հենց այդ ժամանակահատվածում է նա ստացել ՌԴ քաղաքացիություն կամ քաղաքացիության հիման վրա փաստաթղթավորվել։ 

Արտապատկերումը՝ FIP.am-ի ձեռքի տակ եղած փաստաթղթերի (անձնագրի համարի մի մասը ջնջված է)

Ըստ նույն փաստաթղթերի, 19.06.1998թ․ Սամվել Կարապետյանին Կալուգայի Օկտյաբրսկի շրջանի Ներքին գործերի բաժնի կողմից տրվել է ՌԴ ներքին անձնագիր (սերիա 29 97 № 020017)։ Ըստ անձնագրային տվյալների բազայի՝ այս փաստաթուղթը տրվել է «ԽՍՀՄ անձնագրի փոխանակում» (ОБМЕН ПАСПОРТА СССР) պատճառաբանությամբ։ Սա նշանակում է, որ 1998-ին նա պաշտոնապես վերաձևակերպել է իր կարգավիճակը՝ որպես ՌԴ քաղաքացի՝ հին նմուշի խորհրդային անձնագիրը փոխարինելով ՌԴ քաղաքացու ներքին անձնագրով։

Արտապատկերումը՝ FIP.am-ի ձեռքի տակ եղած փաստաթղթերի

Այսպիսով, Սամվել Կարապետյանի համար 1993-ը համարվում է քաղաքացիության ձեռքբերման նախնական փուլը, իսկ 1998-ը՝ ՌԴ քաղաքացու ներքին անձնագրով պաշտոնական փաստաթղթավորման տարին։

Նկատենք, որ Սամվել Կարապետյանը ունի նաև Կիպրոսի քաղաքացիություն, որի մասին տվյալ մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերում չկա։ Դրանք կենտրոնացած են բացառապես նրա ռուսական փաստաթղթերի, ՌԴ-ում գրանցված անշարժ գույքի, բիզնեսների և ֆինանսական տվյալների վրա։

Սամվել Կարապետյանը Սահմանադրություն է խախտել

1995թ. ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը և 1995թ. «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 1-ին հոդվածը սահմանում էին. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»։

Քանի որ Սամվել Կարապետյանը, ըստ վերոնշյալ փաստաթղթերի, 1993-ից արդեն ուներ թե՛ ՀՀ անձնագիր, և թե՛ ընդունել էր ՌԴ քաղաքացիություն, նրա կարգավիճակը առնվազն 1995-2005 թվականների միջև ընկած ժամանակահատվածում հակասում էր այն ժամանակվա ՀՀ Սահմանադրությանը, քանի որ երկքաղաքացիության արգելքը հանվեց միայն 2005-ի սահմանադրական փոփոխություններից հետո, իսկ օրենսդրորեն կարգավորվեց միայն 2007-ին (“ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՕ-75-Ն օրենքը՝ ընդունվել է 26.02.2007, ուժի մեջէ մտել 24.03.2007)։ Այսինքն՝ մինչ այդ ՀՀ քաղաքացին չէր կարող լինել նաև այլ պետության քաղաքացի: 

Այդուհանդերձ, նոր փոփոխություններով նաև հետադարձ ուժի հիման վրա օրենքով սահմանվեց, որ այս նորմը տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր 1995թ. հունվարի 1-ից հետո ընդունել են այլ պետության քաղաքացիություն՝ առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու։

Նկատենք նաև, որ օրենքի նոր խմբագրությամբ սահմանվեց, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն։

Այսպիսով, չնայած 1995-ից 2005 թվականներին Սամվել Կարապետյանի երկքաղաքացիության փաստը հակասում էր ՀՀ Սահմանադրությանը, սակայն 2007թ. օրենսդրական փոփոխությունները հետադարձ ուժով օրինականացրել են նման անձանց կարգավիճակը։ 

Ըստ գործող օրենքի՝ նա համարվում է ՀՀ երկքաղաքացի և Հայաստանի համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, քանի դեռ պաշտոնապես դուրս չի եկել ՀՀ քաղաքացիությունից։

Նարեկ Կարապետյանը սխալվում է

Fip.am-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի փաթեթի մեջ կա նաև այն տվյալը, ըստ որի, Սամվել Կարապետյանի աշխատավայրը եղել է՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը»։ Այդ մասին ծավալուն հոդված մայիսի 19-ին ռուսական The Insider պարբերականն էր հրապարակել։

Արտապատկերումը՝ FIP.am-ի ձեռքի տակ եղած փաստաթղթերի

Սակայն պարբերականի այս տեղեկությունը նույն օրը Factor TV–ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը գրեթե հերքել էր՝ հավանական համարելով ֆոտոշոփով այն ստեղծելու հնարավորությունը։ «Այդ լրատվամիջոցին թեմաներ տվել են իշխանական շրջանակները, որպեսզի ինչ–որ բաներ քցեն։ Աշխարհում կա ֆոտոշոփ․․․», –ասել էր նա՝ ընդծելով, որ իրենց ընտանիքում ուժային ծառայության հետ կապվող անձինք չկան։

Այսպիսով, Նարեկ Կարապետյանը սխալվում է, փաստաթուղթը ֆոտոշոփ չէ, դա այն նույն փաստաթղթերի փաթեթի մեջ է, որն այժմ «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է։

Հասմիկ Համբարձումյան

Ռոման Ուդոտ 

The post Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ երկքաղաքացի է եղել ՀՀ Սահմանադրության խախտմամբ (բացառիկ փաստաթղթեր) appeared first on FIP.AM.

Leave a comment