Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան

Քաղաքականություն

15.10.2026 | 20:48

Հոկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվել է «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների․ խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» խորագրով միջազգային համաժողովը։

Երկօրյա քննարկումները նվիրված էին կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված օրենսդրական, ֆինանսական և քաղաքական գործիքներին։

Համաժողովի փակման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը։ Նա շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և կազմակերպիչներին՝ ակտիվ ներգրավվածության ու բովանդակալից քննարկումների համար՝ ընդգծելով կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մարտահրավերներին դիմակայելու գործում միջազգային համագործակցության կարևորությունը։

«Կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մարտահրավերները չեն ճանաչում սահմաններ և չեն կարող լուծվել մեկ երկրի, մեկ ինստիտուտի կամ մեկ ոլորտի կողմից առանձին գործողություններով։ Դրանք պահանջում են համագործակցություն, նորարարություն և ամենակարևորը՝ քաղաքական կամք»,- նշել է Դավիթ Համբարյանը։

Միջոցառումն անցկացվում է Կլիմայի խորհրդարանի (Climate Parliament), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համատեղ նախաձեռնությամբ։ ՀՀ ԱԺ խորհրդարանականների մասնակցությանն աջակցել է ՄԱԶԾ-ի՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի կառավարությունների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օժանդակությամբ:

Leave a comment