ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գերմանիայից հազարավոր ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշումը չի խաթարի ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկեւիչը։
Գրինկեւիչը նշել է, որ ապագայում պետք է սպասել հետագա վերաբաշխումների։
Նրա խոսքով՝ մոտավորապես 80,000 ամերիկյան ուժերի մի մասի դուրսբերման գործընթացը կտևի մի քանի տարի, որպեսզի դաշնակիցներին ժամանակ տրվի փոխարինող կարողություններ զարգացնելու համար։ «Քանի որ դաշինքի եվրոպական հենասյունը ամրապնդվում է, Միացյալ Նահանգները հնարավորություն կունենա կրճատել իր ներկայությունը Եվրոպայում ու սահմանափակել իր տրամադրած միջոցները միայն այն կարևոր կարողություններով, որոնք դաշնակիցները ներկայումս չեն կարող ապահովել։ Ես չեմ կարող ճշգրիտ ժամանակացույց նշել. սա կլինի շարունակական գործընթաց, որը կտևի մի քանի տարի», – ասել է ամերիկացի հրամանատարը։
Ալեքսուս Գրինկևիչը պարզաբանել է, որ դեմ չէ դուրսբերման ծրագրերին։ «Քանի որ դաշնակիցները զարգացնում են իրենց կարողությունները, Միացյալ Նահանգները կկարողանան վերակենտրոնացնել իրենց ջանքերը այլ գլոբալ առաջնահերթությունների վրա, ուստի ես շատ գոհ եմ այն բանից, թե որտեղ ենք մենք», – ասել է գեներալ Գրինկեւիչը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր Գերմանիայից մոտ 5000 զինծառայող դուրս բերելու և հեռահար «Տոմահավկ» հրթիռների տեղակայումը չեղարկելու որոշման մասին։ Վաշինգտոնի որոշումը կայացվել է Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև Իրանի պատերազմի շուրջ ծագած տարաձայնությունների հետևանքով։ Ըստ լրատվամիջոցների՝ սա անակնկալի է բերել ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին։