Թրակիա կատարած շրջապտոյտին ծիրէն ներս, Յունաստանի Հանրապետութեան նախագահ Քոնսթանտինոս Թասուլաս այցելեց Տիտիմոթիքօ քաղաքը եւ մասնակցեցաւ Յունաստանի մայր կառոյցին հետ կցումի 106-րդ տարեդարձի տօնակատարութեան։
Իր ներկայութեան առիթով, նախագահը այցելութիւն կատարեց նաեւ Տիտիմոթիքոյի պատմական հայկական Ս. Գէորգ եկեղեցին եւ մօտէն ծանօթացաւ հնամեայ կոթողի պատմութեան ու շինարարական աշխատանքներուն։
Եկեղեցւոյ մուտքին յոյն նախագահը դիմաւորուեցաւ շրջանի հոգեւոր հովիւ Տ. Դանիէլ քհնյ. Գալօղլեանի, Ազգային վարչութեան ատենապետ Նազար Աւագեանի եւ Տիտիմոթիքօ-Օրէսթիատա թաղային խորհուրդի անդամներուն կողմէ։
Նախագահի շքախումբին մաս կը կազմէր շրջանի քաղաքապետ Ռոմիլոս Խածիյանողլու, ինչպէս նաեւ Էվրոս մարզի հնամեայ կոթողներու խնամակալ պատասխանատու Տոմնա Թերզոփուլու։
Ազգային վարչութեան ատենապետը անդրադարձ կատարեց եկեղեցւոյ պատմութեան մասին, նշելով միջնադարեան դարերէն եկող պատմական մանրամասնութիւնները, իսկ նախագահը, իր կարգին, նշեց Բիւզանդիոնի կայսր Յովհաննէս Քանթաքուզինոսի թագադրումը Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ։
Նախագահ Թասուլաս մօտէն տեսաւ եկեղեցւոյ խորանն ու զարդանշանները, ապա խօսք եղաւ տանիքի վերաշինութեան աշխատանքներուն մասին, որոնք մօտ օրէն ընթացք պիտի առնեն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Եռագոյն»-ում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: