«Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական. աշխատողները Ծառուկյանի և Գուլոյանի հրահանգը կատարելու կարիք չունեն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին, որովհետև այդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է»:
Այս մասին Շնողում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման, և առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանում ենք նշանակելու կառավարիչ:
Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առթիվ: Այս պահից ես ասում եմ՝ նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ-ն է, ուրեմն հետևեք Հայաստանի կառավարության հրահանգներին: Արարատ ցեմենտի գործարանը շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին»,- նշել է Փաշինյանը: