«Բա մեր ապրանքը ո՞նց տեղափոխենք, տրանսպորտով չենք կարող»,- ամեն օր վաղ առավոտյան Արարատից Երևան եկող վարորդը Factor TV-ի հետ զրույցում դժգոհում է քաղաքային իշխանության առաջ քաշած գաղափարից։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Factor TV-ի եթերում երեկ ասել էր, որ քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից է՝ քաղաքի մուտքերի մոտ կառուցել ավտոկայանատեղիներ, որտեղ մարզից եկող վարորդները կկարողանան թողնել իրենց մեքենաները, ապա երթևեկությունը շարունակել հանրային տրանսպորտով։
«Մարդիկ գան, որոշակի կետում իրենց ավտոմեքենաները թողնեն, այսինքն՝ պետք է ավտոկայանատեղիներ կառուցված լինեն քաղաքի մուտքերի մոտ, որից հետո արդեն հանրային տրանսպորտով երթևեկեն»,- ասել էր Գրիգորյանը։
Մարզից շուկա աշխատանքի եկող վարորդներին ու նրանց ուղևորներին զայրացրել է քաղաքապետարանի մոտեցումը։ Բայց կան նաև մարզաբնակներ, որոնք ասում են՝ կհամակերպվեն քաղաքային իշխանության որոշման հետ և պարզապես Երևան չեն գա։
Տրանսպորտի հարցերով փորձագետ Արտակ Գաբոյանը նոնսենս է որակում մարզից մասնավոր մեքենաների մուտքի ամբողջական սահմանափակումը։
«Ամբողջ աշխարհը ոչ թե ասում է՝ «Ես ձեզ արգելում եմ», այլ ասում է՝ «Ես այնպիսի պայմաններ եմ ստեղծում, որ ձեզ ավելի հարմար լինի, ավելի ձեռնտու լինի ձեր մեքենան թողնել, հետո մտնել»»,- ասում է Գաբոյանը։
Նա ընդգծում է՝ այդ ամենն արդեն պետք է սկսել իրագործել։ Իսկ կենտրոնը բեռնաթափելու համար, նրա համոզմամբ, կայանումը պետք է թանկացնել, օրինակ՝ մեկ ժամի համար սահմանելով 1000 դրամ՝ ներկայիս 300 դրամի փոխարեն։
«Ավտոկայանատեղիների մոտ պետք է գործի նաև անվճար տրանսպորտ, որն այդ կայանատեղիներից վարորդներին կբերի որևէ մոտակա տրանսպորտային հանգույց կամ մոտակա մետրոյի կայարան, կամ այնպիսի տեղ, որտեղից ցանկացած ուղղությամբ, տարբեր ուղղություններով հասանելի է հանրային նորմալ տրանսպորտ։ Եվ որպեսզի սա էլ լիարժեք աշխատի, շատ կարևոր է նորմալ հասարակական տրանսպորտի համար անխոչընդոտ երթևեկությունը, այսինքն՝ նույն Իսակովի վրա գոնե մի գոտին հատկացնեն հանրային տրանսպորտին, Արգավանդում թող բոլորը կանգնեցնեն, որ ցանկանան, տարածքներ կճարեն»,- նշում է Արտակ Գաբոյանը։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հակադարձում է Գաբոյանին․ նրա համոզմամբ՝ կարմիր գծերում կայանման արժեքը դարձյալ բարձրացնելով՝ որևէ խնդիր չի լուծվի։
«Իրենք կասեն, որ հազարավոր մեքենաներ են մարզերից Երևան մտնում, պետք են «ցավոտ սահմանափակումներ»: Ցավոտ սահմանափակումները կլինեն, կստիպեն, կասեն՝ կանգնեցրե՛ք, ոնց ուզում եք՝ հասեք, հետո մենք կայանատեղիները ժամանակի ընթացքում կկառուցենք, ու նորից մի խայտառակ վիճակ է լինելու»,- համոզված է Ստեփանյանը։
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է քաղաքի ու կենտրոնի մուտքերի մոտ տեսախցիկներ տեղադրել։ Սուրեն Գրիգորյանը երեկ ասաց, որ մրցույթն արդեն կայացել է։ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր տեսախցիկներ տեղադրելու նպատակը։
«Այդ տեսախցիկների տվյալներն էականորեն մեզ օգնելու են մեր վերլուծական աշխատանքներն ամբողջացնել»,- նշել էր քաղաքապետը։
Ավագանու ընդդիմադիր անդամի համոզմամբ՝ տեսախցիկների տեղադրմանը կարող են հաջորդել սահմանափակումներ և տուգանքներ։ Նրա պնդմամբ՝ մեքենաների հաշվառման վայրի հիման վրա հնարավոր կլինի որոշել, թե դրանք որտեղ են գրանցված, և այդ մեխանիզմը կարող է օգտագործվել վարորդներին տուգանելու համար։
Բացի մարդատար մեքենաներից՝ քաղաքապետարանը մտադիր է նաև արգելել մարզային տրանսպորտի կանգառը Երևանում։ Ավինյանը Factor TV-ին հայտնել էր, որ թե՛ մարդատար մեքենաների, թե՛ տրանսպորտի սահմանափակումների վերջնական լուծումները պետք է ամբողջացնեն մինչև տարեվերջ, որպեսզի 2027-ի սկզբից անցնեն գործնական աշխատանքների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան