Քաղաքականություն
20.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը մայիսի լույս 20-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 154 հարվածային ԱԹՍ-ներ, խոցվել է դրանցից 131-ը, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Դնեպրում ռուսական հարվածների հետևանքով վնասվել են սննդի պահեստ, մասնավոր տներ և մեկ մեքենա։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ զոհվել է երկու մարդ, ևս վեցը՝ վիրավորվել, որոնցից երեքը ծանր վիճակում են, գրում է Current time-ը։
Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքում ավերվել են բազմաբնակարան շենքի երկրորդից չորրորդ հարկերը: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են հետագա հարձակումների սպառնալիքի պատճառով: Առայժմ հայտնի է ութ մարդու վիրավորվելու մասին:
Օդեսայում վնասվել են բնակելի շենքեր, պահեստներ և կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ: Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ քաղաքի թաղամասերից մեկում ավերվել և հրդեհվել է մասնավոր տուն: Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է անավարտ 24 հարկանի բնակելի շենքի:
Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է Վոլնյանսկում մասնավոր տան վրա հարվածի մասին: Հարձակման հետևանքով տունն ամբողջությամբ ավերվել է, իսկ պայթյունի ալիքն ու բեկորները վնասել են մի մեքենա և հարևան տներ: Վիրավորվել է չորս մարդ՝ տղամարդ, կին և երկու երեխա՝ 2 տարեկան տղա և 12 տարեկան աղջիկ։
Խարկովի Նովոբավարսկի շրջանում ռուսական հարվածից վիրավորվել է 16-ամյա աղջիկ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի