«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի թիմակիցների վերաբերյալ կաշառքի գործերին։
Հարցին, թե հնարավո՞ր է այնպիսի սցենար, որ իրենց կուսակցությանը թույլ չտան մասնակցել ընտրություններին, Սամվել Կարապետյանը պատասխանել է․ «Դուք շատ վատ կարծիք ունեք մեր ժողովրդի մասին։ Մեր ժողովուրդն իր խոսքը կասի, դուք էլ կտեսնեք։ Իրենք ուրիշ ոչինչ անելու հնարավորություն չունեն, մնացել է մեկ բան՝ փողոցներում վազվզեն, գոռգոռան, ղժղժան ու անտեղի ձերբակալեն մարդկանց։ Գործ տվող մարդը ուրիշ ի՞նչ պետք է անի, գործեր են կարել մարդկանց վրա, տանում՝ ձերբակալում են»։
Նա նշեց, որ ձայնագրություններ կան, բայց ոչ ապացույցներ, ոչ ոք ոչինչ չի ապացուցել։ «Հենց ապացուցեցին, իրենք շատ ուրախությամբ կդատեն մարդկանց։ Հլա ոչ մի բան չեն արել, մարդիկ կալանավորված են անտեղի։ Վերջում դուք կտեսնեք՝ ինչ եղավ իրենց ձայնագրությունների հետ, համբերեք։ Մենք ոչ մեկի կաշառք չենք բաժանում, երկրում կաշառք բաժանում է միայն իշխանությունը, այն էլ ոչ իրենց գրպանից, այլ պետական բյուջեից, ինչն ավելի մեծ հանցագործություն է»,- հավելել է Կարապետյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: