Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրման ասոցիացիայից վերածվում է ռազմաքաղաքական միության, երբ ԵՄ-ն ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան այս ընտրության հետևանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ըստ Օվերչուկի՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որոնք ներկայումս ունի:
«Հայերը մեզ համար մտերիմ ժողովուրդ են, և մենք հոգ ենք տանում նրանց բարեկեցության և Հայաստանի տնտեսության ապագա վիճակի մասին։ Ընդհակառակը՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այնտեղ տնտեսությունը ծաղկի։ Բայց եթե ընտրությունը ԵՄ-ի օգտին է, ապա, իհարկե, մենք հարց ունենք․ ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրներին, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք դրան։
Պետք է համաձայնեք, որ մի բան է, երբ Հայաստանը մեր միության անդամ է, և բոլորովին այլ բան, երբ Հայաստանը շարժվում է մեր նկատմամբ ոչ բարեկամական երկրների միության հետ մերձեցման ուղղությամբ։ Մենք հայկական կողմից լսում ենք, որ ձգտում են միանալ ԵՄ-ին և ընդունել դրա չափանիշները, բայց միևնույն ժամանակ ցանկանում են առայժմ մնալ ԵԱՏՄ-ում և վայելել բոլոր այն տնտեսական արտոնությունները, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Ավելի լավ կլինի, եթե Հայաստանն արագ որոշում կայացնի․ դա ավելի արդարացի կլինի և՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, և՛ հենց Հայաստանի համար։ Ավելին՝ այս անորոշությունը ստիպում է տնտեսվարողներին սպասողական դիրք գրավել և խոչընդոտում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, և ընտրությունը կախված է Հայաստանի ժողովրդից»,– հավելել է ՌԴ փոխվարչապետը։