Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին

Քաղաքականություն

19.05.2026 | 20:12

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը հայտնել է, որ Հրազդանում կառուցվող արհեստական բանականության (AI) գործարանի ծրագրի երկրորդ փուլը հաստատվել է, որի շրջանակում նախատեսվում է ևս 4 միլիարդ դոլարի ներդրում։ Նրա խոսքով՝ նախագիծը կարող է Հրազդանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կարևոր կենտրոն։

«Արդեն տեղյակ եք, որ Հրազդանում կառուցվում է արհեստական բանականության (AI) գործարան՝ 500 միլիոն դոլար ներդրմամբ։

Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաստատվել է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար։

Սա աննախադեպ հնարավորություն է ոչ միայն մեր համայնքի, այլև ողջ Հայաստանի համար՝ Հրազդանը տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ։

Հատկանշական է, որ այսօր աշխարհում գործում են նմանատիպ ընդամենը 13 AI գործարաններ, և 14-րդը կառուցվում է հենց Հրազդանում։

Նշեմ նաև, որ AI գործարանի կառուցման և հետագա գործունեության առանցքային տեխնոլոգիական գործընկերն է NVIDIA ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան համաշխարհային շուկայում գնահատվում է շուրջ 4.6 տրիլիոն դոլար։

Կառուցում ենք ապագայի Հրազդանը՝ միասին»,- գրել է նա։

Leave a comment