Ներկայացնում ենք The Irish Times պարբերականում հրապարակված ‘You have to be ready for war’: Legacy of limbo in Armenia after loss of Nagorno-Karabakh հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ջեկ Փաուէր
Օդում խնկի թանձր բույր է կախված։ Կիրակի առավոտյան սգավոր մայրերն ու հայրերը թարմ ծաղիկներ են բերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 35 տարի տեւած հակամարտության ընթացքում զոհված իրենց որդիների գերեզմաններին։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տապանաքարերի ամսաթվերն արտացոլում են Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի համար մղված պատերազմների պատմությունը:
Շարք առ շարք այստեղ հուղարկավորված են հայ զինվորները, որոնք ընկել են առաջին պատերազմում՝ 1988-1994 թվականներին։
Քիչ այն կողմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածների գերեզմաններն են։
2023 թվականին Ադրբեջանի կայծակնային հարձակումը թույլ տվեց նրան վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը. սա ջախջախիչ հարված էր Հայաստանի համար, որի արդյունքում անկլավում ապրող 100 հազար էթնիկ հայեր ստիպված եղան լքել իրենց տները՝ թերեւս ընդմիշտ:
Ալբինան պատմում է, թե ինչպես իր 19-ամյա որդին զոհվեց 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում՝ նռնակի բեկորներից։ «Սա իմ որդին է»,- ասում է նա՝ ձեռքը դնելով տապանաքարին ու սրբելով արցունքները։ Նա երեք եղբայրներից կրտսերն էր։ «Մենք ամեն օր ենք գալիս այստեղ»,- ասում է նա։
Դեպի զինվորական պանթեոն տանող ճանապարհը կոչվում է Փառքի ծառուղի։ Գրեթե բոլոր տապանաքարերին պատկերված են զոհվածների մեծադիր լուսանկարներ։
Շատ են երիտասարդ դեմքերը։ Նրանց վերեւում՝ ամեն երկրորդ կամ երրորդ գերեզմանի մոտ տեղադրված բարձր դրոշաձողերին, ծածանվում են հայկական դրոշներ։
Կողք կողքի երկու եղբայրների գերեզմաններն են։ Առաջինը զոհվել էր 2020 թվականի պատերազմում, երկրորդը՝ 2023-ին։
Քիչ այն կողմ մի հայր կարմիր պլաստիկե տոպրակից հանում է խոզանակը՝ 2020-ին ընկած որդու տապանաքարը մաքրելու համար: «Տասնինը տարեկան էր», – ասում է նա՝ գլուխը տարուբերելով:
Տարեց մի զույգ խնամում է երեսուն տարի առաջ՝ առաջին պատերազմում զոհված որդու գերեզմանը: Նա 25 տարեկան էր: Նրանք ամբողջ օրն այստեղ են անցկացնում:
Օրն ամպամած է, բայց, միեւնույն է, երեւում է Արարատ լեռը՝ հայկական մայրաքաղաքից դուրս, հարավ-արեւմտյան հորիզոնում վեր խոյացող այդ հսկա գագաթը:
Հայերի համար խորհրդանշական կարեւորություն ունեցող լեռը ժամանակակից Թուրքիայի տարածքում է՝ որպես ամենօրյա հիշեցում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական շախմատային տախտակին փոքր երկրի պատմության մասին:
«2020 թվականին, երբ պատերազմը սկսվեց, մենք մեր տեղն ունեինք շարքում եւ գնացինք կռվելու»,- պատմում է 33-ամյա Հարութ Մնացականյանը:
«Ծնվել եմ 1992 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ. հորս ամբողջ սերունդը կռվել է։ Ամուսնացել եմ 2016-ին: 2020-ին, երբ պատերազմը սկսվեց, երկու երեխա ունեի»։
Քաղաքագիտության ֆակուլտետի շրջանավարտ Մնացականյանը բարձրաստիճան պաշտոնյա էր Արցախի չճանաչված վարչակազմում։
18 տարեկանում նա անցել էր երկամյա պարտադիր զինվորական ծառայություն, ուստի զինվորական գործին ծանոթ էր։
Նրա ստորաբաժանումը սկզբում ուղարկել էին ռազմաճակատի հյուսիսային հատված, սակայն շուտով տեղափոխեցին Շուշիի շրջան, որտեղ մարտերն ավելի ինտենսիվ էին։ «Դա պատերազմի ամենածանր հատվածն էր»,- բացատրում է նա։ «Մենք անում էինք այն, ինչ պարտավոր էինք անել»։
«Մենք չափազանց շատ մարդիկ կորցրեցինք։ Եղբորս կորցրի»,- ասում է Հարութը։
Նրա եղբայրը՝ Գուրգենը, դուրս էր եկել ապաստարանից՝ երկու վիրավոր զինվորներին օգնելու համար։ Երբ հինգ րոպե անց նա չվերադարձավ, Հարութը գնաց եղբոր հետեւից եւ գտավ նրան կողքի շրջանում վիրավորված՝ այն զինվորների հետ, որոնց օգնության էր շտապել։
«Նա չէր կարողանում շնչել, արյունը լցվում էր թոքերը, արյունահոսությունը դադարեցնել չէր ստացվում։ Նրան քարշ էի տալիս մոտ 800 մետր, գուցե մի կիլոմետր»։
Մնացականյանին հաջողվեց եղբորը տեղավորել զինվորական մեքենայի թափքում։ «Մենք նրան կորցրեցինք հիվանդանոցի ճանապարհին։ 30 տարեկան էր, ամուսնացած, երկու երեխա ուներ»,- պատմում է նա։
Երբ ադրբեջանական ուժերը գրավեցին ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Շուշի քաղաքը, Ռուսաստանը հանդես եկավ որպես հրադադարի միջնորդ՝ պարտավորվելով խաղաղապահներ տեղակայել տարածաշրջանում՝ զինադադարը երաշխավորելու համար։
Պատերազմի վերջին օրը Մնացականյանի ստորաբաժանումը գերի էր վերցրել երկու ադրբեջանցի զինծառայողի։
«Մյուս զինվորներն ուզում էին սպանել նրանց, բայց մենք թույլ չտվեցինք։ Կարծում եմ՝ կա պատերազմի ժամանակ, եւ կա ապրելու ու խաղաղության ժամանակ»,- ասում է նա։
Երբ պատերազմից հետո նա տուն վերադարձավ, վիշտը նրան համակեց:
«Իհարկե, ամեն օր հիշում եմ եղբորս։ Հիշում եմ՝ ինչպես էր նա մանկության տարիներին ինձ նստեցնում հեծանվի վրա ու պտտում մեր տան շուրջը, ինչպես էինք միասին լողում, խաղում։ Անգամ ծաղիկներ չենք կարող տանել նրա գերեզմանին. նա հուղարկավորված է Լեռնային Ղարաբաղում»,- ասում է Հարութը։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը նոր հարձակում սկսեց։ Գործողությունը սրընթաց անցավ ողջ տարածաշրջանով՝ ստիպելով հանձնվել հաշված օրերի ընթացքում։ 100 հազար էթնիկ հայերի ողջ բնակչությունը ստիպված էր լքել իրենց տները՝ ամբողջական քաղաքներ ու գյուղեր վերածելով «ուրվական բնակավայրերի»:
«Դա շատ ցավալի է»,- ասում է Լեռնային Ղարաբաղից փախստական Իրինա Առաքելյանը, որն այժմ ապրում է Երեւանում։
Դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ նա, հնարավոր է, երբեք չկարողանա վերադառնալ։ «Այդ փաստն ընդունելը նույնն է, ինչ մեռնելը»,- ասում է նա։
Մշակութային կենտրոնը, որը ղեկավարում է նկարչուհի Լիլիթ Մելիքյանը, վերածվել էր ժամանող փախստականների հավաքատեղի։ Ավանդական հայկական տարազներով, շարֆերով եւ կերամիկական սափորներով լի արհեստանոցում նստած՝ Լիլիթը պատմում է, որ փոքրիկ կենտրոնն իր դռները բացել էր դեռեւս 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ փախստականների առաջին ալիքի համար։
«Արցախից մեկ գիշերվա մեջ տեղափոխված բազմաթիվ մարդիկ կային. 170 ընտանիք հայտնվեց մեր դռների մոտ՝ օգնության խնդրանքով»,- հիշում է նա։
Կենտրոնը կազմակերպում էր ասեղնագործության, դիզայնի, գործելու եւ արհեստների դասընթացներ։ «Եթե քեզ հագուստ կամ սնունդ տան, դա կբավականացնի մեկ-երկու օր, բայց երբ քեզ արհեստ են սովորեցնում, դա հնարավորություն է տալիս ապրուստի միջոցներ վաստակել»,- ասում է Լիլիթը։
Փախստականների նախորդ ալիքի ճնշող մեծամասնությունը վերադարձել էր Լեռնային Ղարաբաղ, երբ 2020 թվականի հրադադարն ամրապնդվեց։ 2023-ին Ադրբեջանի հաղթանակից հետո Լիլիթը հասկացավ, որ հարյուր հազար փախստականների համար իրենց տները նորից տեսնելու հավանականությունը փոքր է։
«Վերադարձի որեւէ հնարավորություն չեմ տեսնում»,- ասում է Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը:
«Կարծում եմ՝ նրանցից շատերը հասկանում են, որ վերադարձն անհնար է։ Միակ իրատեսական եւ խելամիտ սցենարը մարդկանց Հայաստանում ինտեգրվելուն օգնելն է»,- ասում է նա։
Լեռնային Ղարաբաղում ծնված Տիգրան Գրիգորյանը ներկայիս իրավիճակը նկարագրում է որպես «հաղթողի խաղաղություն»։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա Հարավային Կովկասում «իշխանության վակուում» ստեղծեց, ինչից Ադրբեջանը հաջողությամբ օգտվեց, բացատրում է նա։
Տիգրան Գրիգորյանն աշխատել է Հայաստանի Անվտանգության խորհրդում եւ պնդում է, որ 2023 թվականի հարձակման ժամանակ ռուս խաղաղապահների չմիջամտելը տեւական վնաս է հասցրել սովորական հայերի վստահությանը իրենց հին դաշնակցի՝ Ռուսաստանի հանդեպ։ «Ադրբեջանը ժամանակը շատ, շատ ճիշտ էր ընտրել»,- հավելում է նա։
Անցյալ տարվա օգոստոսին իսկական բեկում տեղի ունեցավ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիեւը Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ, ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը ներկայացվեց որպես խաղաղության պայմանագրի նախակարապետ։
«Ինը ամիս անց քչերն են նույնքան երջանիկ»,- ասում է Հայաստանի APRI Armenia ինստիտուտի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը: Երկու երկրները հայտնվել են «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» վիճակում, ասում է նա։
«Եթե Լաս Վեգասում լինեի, խաղադրույք կանեի նրա վրա, որ, հավանաբար, այս իրավիճակը կշարունակվի առնվազն եւս մեկ կամ երկու տարի»,- նշում է Պողոսյանը։
Այս պայմաններում Հարութ Մնացականյանը փորձում է նոր կյանք կառուցել Երեւանում՝ կնոջ եւ չորս դուստրերի հետ։
«Երկու ավագ աղջիկներս հիշում են Արցախը»,- ասում է նա։ «Չեմ ուզում նրանց ցավ պատճառել, բայց երբ նրանք որեւէ բան են հարցնում, ցույց ենք տալիս ու պատմում ենք»,- ասում է նախկին զինվորը։
Ի՞նչ է մտածում նա կայուն խաղաղության հնարավորության մասին։ «Խնդիրը հնարավոր է լուծել առանց պատերազմի, սակայն կարծում եմ՝ պետք է պատրաստ լինել պատերազմի։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմին»։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: