Վրաստանը մեծացնում է արտաքին պարտքը․ ենթակառուցվածքային զարգացո՞ւմ, թե՞ նոր տնտեսական ռիսկեր

Վրաստանի արտաքին պարտքը գերազանցել է 9.2 մլրդ դոլարը՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ֆոնին։ Երկրի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի դրությամբ երկրի արտաքին պարտքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 183 մլն դոլարով։

Այսօր Վրաստանի արտաքին պարտքի հիմնական մասը բաժին է ընկնում ոչ թե առանձին պետություններին, այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններին․

  • Ասիական զարգացման բանկ – ավելի քան 2.5 մլրդ դոլար,
  • Համաշխարհային բանկ – մոտ 2.3 մլրդ դոլար,
  • Եվրոպական ներդրումային բանկ – 1.2 մլրդ դոլար,
  • Ֆրանսիական զարգացման գործակալություն – 858 մլն դոլար,
  • Գերմանիա – մոտ 600 մլն դոլար:

Մոտ 500 մլն դոլար ևս Վրաստանը ներգրավել է եվրոբոնդերի միջոցով՝ միջազգային շուկաներում պարտատոմսերի թողարկմամբ։

Առանձին պահպանվում են պարտավորությունները ԱՄՀ նկատմամբ․

  • Վրաստանի Ազգային բանկի պարտքը – մոտ 295 մլն դոլար,
  • Կառավարության պարտավորությունները – ևս 157 մլն դոլար

Տնտեսագետները նշում են, որ պարտքի աճը չի համարվում կրիտիկական, եթե վարկային միջոցները ուղղվում են տնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանը։ Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ ներկայիս վարկերը հիմնականում նախատեսված են Արևելք-Արևմուտք միջազգային միջանցքի արդիականացման, տարանցիկ հնարավորությունների զարգացման և տնտեսական աճի արագացման համար։

Միևնույն ժամանակ արտաքին պարտքի ավելացումը տնտեսությունը դարձնում է ավելի զգայուն լարիի փոխարժեքի տատանումների և համաշխարհային տոկոսադրույքների փոփոխությունների նկատմամբ, քանի որ պարտավորությունների զգալի մասը արտահայտված է արտարժույթով։

Leave a comment