Դոլմազյանը մերժել է Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը և ինքնաբացարկ չի հայտնել

Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին դատարանից հայտնում է 24News-ի թղթակիցը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանում ասել է, որ հիմնավորումների մի ամբողջ խումբ կա այդ բացարկը ներկայացնելու համար:

«Այս քրեական վարույթի ակունքը եկեղեցու բակում Սամվել Կարապետյանի ասածն է: Սամվել Կարապետյանի հայտարարությանը արձագանքեց գործադիր իշխանությունը» – , նշել է Վարդևանյանը ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները Կապված Սամվել Կարապետյանի հետ:

Վարդևանյանը նաև ընդգծել է, որ դատավորին բացարկի միջնորդություն հայտնելն ամենևին կապ չունի դատավորի անձի հետ, «այլ այս քրեական գործի քաղաքական ենթատեքստերի հետ է կապված»:

«Մենք այստեղ հարցը դիտարկում ենք այն հանգամանքների տեսանկյունից, որ ողջամիտ կասկած ունենք դատարանի անաչառությանը: Այսօր հանրությունը գտնվում է էլեկտորալ տրամադրության մեջ: ՀՀ-ում ճակատագրական ընտրություններ են»,- ընգծել է փաստաբանը:

Նա նշել է, որ նաև դատավորի գործողությունների պատճառով է, որ Սամվել Կարապետյանը զրկված է` մասնակցելու նախընրական քարոզարշավին և ստեղծվել են անհավասար պայմաններ:

Մյուս հանգամանք էլ այն է, ըստ փաստաբանի, որ դատարանը թույլ չի տվել, որ Սամվել Կարապետյանն այցելի իր հոր գերեզմանին:

«Ես վստահ եմ, որ դատավոր Վահե Դոլմազյանն ավելի շատ կուզեր թույլ տալ, քան թույլ չտալ: Բայց քաղաքական հետապնդման պայմաններում դա փաստորեն հնարավոր չէ»,- նկատել է նա։

Որպես խնդիր նա նաև նշել է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին դատարան են ուղեկցում կալանավորված անձանց համար նախատեսված մեքենայով:

«Սամվել Կարապետյանը ՀՀ-ում տնային կալանքում գտնվող միակ անձն է, որ ճաղավանդակով մեքենայով են բերում: Դա փոքրոգություն է»,- հավելել է Կարապետյանի փաստաբանը. «Պատվարժան դատարան, Ձեր կողմից այդ հանգամանքի հետ կապված որևէ գործողություն չձեռնարկելը ևս հիմք է հանդիսանում Ձեզ բացարկ հայտնելու համար: Ես դժվարանում եմ ասել, թե արդյոք Հայաստանում կա մի դատավոր, որ Սամվել Կարապետյանի գործով անկողմնակալ որոշումներ կկայացնի»:

Արամ Վարդևանյանն ասել է, որ մթնոլորտն այնպիսինն է, որ ստեղծվում է անհաղթահարելի խոչընդոտ: Նա նաև նշել է , որ նաև նախագահող դատավորի միջոցով խախտվում է ընտրական գործընթացը, քանի որ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունի մասնակցել նախընտրական քարոզարշավին:

«Սամվել Կարապետյանի գործով ամեն մի դատական նիստի սկզբին և ավարտին ունենալու ենք իրավունքների խախտում: Խնդրում ենք Ձեզ հայտնել ինքնաբացարկ»,-նկատել է նա։
Դատավոր Վահե Դոլմազյանն ի պատասխան ասել է, որ ուշադիր լսել է փաստաբանների բերած հիմքերը և « հետաքրքիր հետևությունների է եկել»։

«Կան կանոններ, որ դրանք խախտվեն, որ ռուսերեն թարգմանեք, ավելի լավ կհասկանաք: Դատարանը պարտավոր է վարվել կանոններով: Դատավորը, եթե կողմնակալ է, ապա ինչու՞ 2026 թվականի մայիսի 15-ին բացարկի միջնորդություն չներկայացրեցիք: Հոր գերեզմանին այցելելու որևէ իրավական նորմ չի ներկայացվել դատավորին, իրավական նորմերը թողած`մարդասիրական նորմերն են ներկայացվել», – նշել է նա։

Դատավորը` մեջբերելով Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածն ասել է, որ կալանքի տակ գտնվող անձինք, որոնք մասնակցում են ընտրություններին, նախընտրական քարոզարշավին մասնակցում են վստահված անձանց միջոցով:

Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց, որ չի կատարել մի այնպիսի գործողություն, որը կարող է համարվել կանոնից շեղում և մերժել է միջնորդությունը։

Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ

Leave a comment