Աթոռը ճոճվում է, ոտքերի տակից հողը գնում է․ հոգեբանը՝ Փաշինյանի վարքագծի մասին

Երևանում երեկ անցկացված քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը կրկին լայն քննարկումների առիթ դարձավ։ Արաբկիրի բնակիչների հետ հանդիպումները անցան լարված մթնոլորտում։ Մի շարք դրվագներում հնչեցին սուր քննադատություններ և փոխադարձ մեղադրանքներ, որոնք արագ տարածվեցին սոցիալական ցանցերում։ Փաշինյանի խոսույթն ու պահվածքը հանրային լայն արձագանք առաջացրին։

MediaHub-ը Փաշինյանի վարքագծի պատճառների մասին զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։ Հոգեբանի խոսքով՝ վարչապետը հասարակության կողմից գրեթե զրոյական աջակցություն ունի։

«Ինքը հասկանում է, որ ինչքան էլ վախի մթնոլորտ տարածի, ինչքան ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործի, մարդկանց ազատազրկի և այլն, իր նկատմամբ վերաբերմունքին բախվում է ամեն քայլափոխի։ Նա նաև հասկանում է, որ նման վերաբերմունքի պայմաններում իր աթոռը, մեղմ ասած, ճոճվում է, ոտքերի տակից հողը գնում է»,- ասաց հոգեբանը։

Նալչաջյանի խոսքով՝ երբ մարդը հայտնվում է ուժեղ էմոցիոնալ վիճակում, զսպող մեխանիզմները սկսում են ավելի վատ գործել, և նա դրսևորում է իր իրական բնույթը։ «Եթե մարդը էմոցիոնալ վիճակի մեջ է ընկնում, զսպող գործոնները սկսում են վատ աշխատել, և ինքը ցույց է տալիս իր ամբողջ էությունը, իր իրական բնույթը։ Այնպիսին, ինչպիսին իրեն դրսևորեց երեկ»,- նշեց նա։

Հոգեբանը հավելեց, որ կա նաև մեկ այլ ասպեկտ․ Փաշինյանը նման վարքագծով փորձում է վախի մթնոլորտ ձևավորել։ «Մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր ունեն այդ խիզախությունն ու քաղաքացիական կեցվածքը, կանգնում են, հարցադրումներ անում կամ գնահատականներ տալիս, հաճախ, որոշ ժամանակ անց, ենթարկվում են հետապնդումների։ Այս կերպ վախի մթնոլորտ է ձևավորվում, ինչը, բնականաբար, իրեն ձեռնտու է, որովհետև եթե լինի վախի մթնոլորտ, ընտրական փուլում պայմաններն իր համար ավելի նպաստավոր կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նալչաջյանի կարծիքով՝ Փաշինյանը նախընտրական այս փուլում նաև իջեցնում է քաղաքական խոսույթի մակարդակը։ «Ինքն իրեն թույլ է տալիս խոսքեր ու վերաբերմունք, որպեսզի դիմացիններն էլ չդիմանան և նույն կերպ պատասխանեն։ Սա վերաբերում է և՛ առանձին քաղաքացիներին, և՛ քաղաքական ընդդիմադիր դաշտին։ Իրեն ձեռնտու է, որ բոլորն իջնեն նույն մակարդակին, որպեսզի հետո ասի՝ մենակ ես չեմ»,- եզրափակեց խոսքը հոգեբան Կարինե Նալչաջյանը։

 

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment