Լեհաստանը կհետաքննի Էփշտեյնի կապերը ռուսական հատուկ ծառայությունների հետ

Լեհաստանը հետաքննություն կսկսի ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի՝ ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր կապերի մասով։ The Insider-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Համաշխարհային մամուլում ավելի ու ավելի շատ հետքեր, ավելի շատ տեղեկություններ և մեկնաբանություններ են մատնանշում այն ​​կասկածը, որ այս աննախադեպ մանկապղծության սկանդալը կազմակերպվել է Ռուսաստանի հատուկ  ծառայությունների հետ համատեղ: Սա կարող է նշանակել միայն մեկ բան. նրանք նաև ունեն կոմպրոմատներ այսօրվա շատ առաջնորդների դեմ»,- ասել է նա։

Տուսկի խոսքով՝ ռուսական հատուկ ծառայությունները, օգտագործելով Էփշտեյնին, դիտավորյալ ստեղծել են «թակարդ, քաղցր խայծ» արևմտյան էլիտայի համար՝ նրանց մասին կոմպրոմատային տեղեկություններ հավաքելու համար։

Էփշտեյնի ֆայլերը պարունակում են բազմաթիվ հղումներ Ռուսաստանին և ռուսական էլիտայի անդամների մասով։

«Агентство»-ն պարզել է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերից մեկում՝ ՀԴԲ զեկույցում, Էփշտեյնը նշվում է որպես Պուտինի կարողության կառավարիչ: Փաստաթղթերը նաև պարունակում են էլեկտրոնային նամակներ, որոնք ցույց են տալիս, որ Էփշտեյնը բազմիցս քննարկել է Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը, չնայած պարզ չէ, թե արդյոք դա երբևէ տեղի է ունեցել:

Էփշտեյնի և ռուսական հատուկ ծառայությունների կապերի վերաբերյալ կասկածներ առաջացել են նախկինում։ 2024 թվականին «Դոսյե» նախագիծը հաղորդել էր նրա կապերի մասին ԱԴԾ ակադեմիայի շրջանավարտ և Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հիմնադրամի ղեկավար Սերգեյ Բելյակովի հետ։  Բելյակովը օգնել է ֆինանսիստին ստանալ ռուսական վիզա և կազմակերպել նրա հանդիպումները ֆինանսների փոխնախարարի և Կենտրոնական բանկի փոխնախագահի հետ։

Ջեֆրի Էփշտեյնն իրեն մեղավոր էր  ճանաչել մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանքով և դատապարտվել անչափահասի բռնաբարության համար։ 2019 թվականին նա կրկին ձերբակալվել էր մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մղելու մեղադրանքով։ Էփշտեյնը չապրեց մինչև դատավճիռը տեսնելը. նրան մահացած գտան իր բանտախցում։

Դեկտեմբերի 31-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակեց ավելի քան 3 միլիոն էջ փաստաթղթեր։ Դրանք պարունակում են մանրամասներ Էփշտեյնի՝ հայտնիների, քաղաքական գործիչների և գործարարների հետ արդեն հայտնի կապերի, ինչպես նաև կան նոր հիշատակումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment