Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առաջ. Օվերչուկ

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է: Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանն ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Տնտեսական և քաղաքական հարցերն այստեղ սերտորեն փոխկապակցված են։ Այս ամենն անդրադառնում է Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացների վրա։ Այնտեղ կան ուժեր, որոնք կողմ են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանմանը, և կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի Եվրամիություն։ Մեր հերթին, իհարկե, մենք ցանկանում ենք Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ Մոսկվան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, և Ռուսաստանի ջանքերը նպաստել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Մենք գիտենք, որ պատվիրակություններն արդեն փոխանակվում են, և երկու երկրների միջև առևտուր է սկսվել: Սա լիովին բնականոն գործընթաց է, և մենք շատ գոհ ենք դրանից: Հայաստանի տրանսպորտային համակարգը մասամբ ապաշրջափակվել է. այսօր ռուսական հացահատիկն ու պարարտանյութը երկաթուղով Հայաստան են հասնում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին: Այս ամենն ամրապնդում է Հայաստանը: Բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են Եվրամիության հետ մերձեցմանը: Նրանք անցյալ տարվա ապրիլին օրենք ընդունեցին, որը հստակ ցույց է տալիս Եվրամիությանը միանալու ցանկությունը»,- նշել է նա։

Leave a comment