ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի թուլացնում է Մոսկվայի ազդեցությունը Հարավային Կովկասում և արագացնում աշխարհաքաղաքական տեղաշարժերը տարածաշրջանում: Independence Avenue Media-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։

«Մոսկվայի ազդեցությունը Հարավային Կովկասում ակնհայտորեն զգալիորեն թուլացել է»,- ասել է Քարփենթերը՝ մատնանշելով Հայաստանի արագ ընդլայնվող կապերը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, ինչպես նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը «գնալով ավելի է հեռանում Ռուսաստանից՝ հաստատելով իր ինքնիշխանությունն ու անկախությունը»։

Հայաստանը վերջերս Երևանում հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և ընդլայնեց կապերը Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ՝ զարգացումներ, որոնք, ըստ Մայքլ Քարփենթերի, նույնիսկ «երկու տարի առաջ անհնար էր պատկերացնել»։ Ադրբեջանը, մինչդեռ, իրեն դիրքավորում է որպես ենթակառուցվածքային և կապի նախագծերի կենտրոնական դերակատար, որոնք գնալով ավելի են կապում Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաների հետ։

Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյան նշել է, որ որ Վրաստանը «շարժվում է հակառակ ուղղությամբ», ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ մտահոգությունները գնալով ավելի են հատվում երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ կապված հարցերի հետ։ Քարփենթերի պնդմամբ՝ որքան Վրաստանը հեռացել է «հինգ կամ 10 տարի առաջվա» ժողովրդավարական նորմերից, այնքան ավելի է «աշխարհաքաղաքական առումով ձգտել դեպի Չինաստան, Իրան և Ռուսաստան»․ զարգացում, որը, նրա խոսքով, նաև ձևավորում է Արևմուտքի հաշվարկները տարածաշրջանում երկարաժամկետ ռազմավարական ներդրումների վերաբերյալ։

«Որքան Վրաստանը ժողովրդավարական առումով հետընթաց ապրի և չկատարի եվրոպական նորմերը, այնքան պակաս գրավիչ կլինի որպես արևմտյան ներդրումների թեկնածու»,- կարծում է Մայքլ Քարփենթերը։

Նրա պնդմամբ՝ արևմտյան մտահոգությունները գնալով դուրս են գալիս բուն ժողովրդավարության սահմաններից՝ հասնելով Վրաստանի եվրատլանտյան ուղեգծի և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում նրա ապագա դերի մասին ավելի լայն հարցերի։

Նա նաև մտահոգություն է հայտնել Վրաստանի ուղեգծի վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման կապակցությամբ՝ հիշատակելով նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի կողմից հայտարարված նոր «Trump Tower»-ի նախագիծը։

«Իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ, և ես մտավախություն ունեմ, որ Թբիլիսիում «Trump Tower»-ի նման առևտրային նախագիծն ավարտելու ցանկությունը կշեղի իշխանավորներին, օրինակ՝ պետքարտուղար Ռուբիոյին, ԱՄՆ ազգային շահերը հետապնդելուց»,- հայտարարել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից

 

Leave a comment