ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով երկու-երեք օրով հետաձգում է Իրանի դեմ հարձակումը, որը նախատեսված էր մայիսի 19-ին: Նրա խոսքով՝ պատերազմն ավարտելու «լուրջ բանակցություններ» են ընթանում, և համաձայնությունը մոտ է։ «Եթե մենք կարող ենք դրան հասնել՝ առանց նրանց ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ», – ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ ներկայիս դադարը «շատ դրական զարգացում է»։ Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ համաձայնությունը շատ մոտ է թվացել, սակայն ոչինչ չի ստացվել։ «Սա մի փոքր այլ է», – նշել է նա։
Այս հայտարարությունից առաջ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների ղեկավարների հանդեպ իր հարգանքը՝ հրահանգել է չիրականացնել նախատեսված հարձակումը, սակայն պատրաստ լինել «Իրանի դեմ լիակատար, լայնամասշտաբ հարձակման», եթե «ընդունելի համաձայնագիր» ձեռք չբերվի։ Թրամփը ևս մեկ անգամ շեշտել է՝ համաձայնագիրը պետք է ներառի կարևոր կետ՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:
Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի հայտարարությանը: Երկրի գերագույն առաջնորդի ռազմական գծով խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերջնաժամկետ է սահմանում, այնուհետև չեղարկում այն՝ հույս ունենալով, որ կարող է իրանցիներին ստիպել հանձնվել: Ռեզայիի խոսքով՝ Իրանի զինված ուժերը կստիպեն հակառակորդին նահանջել: Իր հերթին, Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ավելի ուժեղ են դարձել և պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիայի:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ բանակցությունները չեն նշանակում կապիտուլյացիա: Նրա խոսքով՝ Թեհրանը բանակցությունների մեջ է մտնում արժանապատվությամբ՝ պահպանելով իրանցի ժողովրդի իրավունքները:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում;
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան
Դիտումների քանակ4